Իրան-Իսրայել նոր փոխադարձ մեղադրանքներ: Ադրբեջանի բանակում օրը խաղաղ չէր. օրվա ամփոփում

Արտակ Նազարյանի գործով դատավարությունն այսօր հարթ չի անցել և կշարունակվի հաջորդ շաբաթ: Իսկ ԱՄՆ-ն և Ռուսաստանը, համապատասխանաբար, ծրագրել են առաջիկա 5 տարում նվազեցնել ռազմական ծախսերը և դադարեցնել սպառազինությունը՝ 5 տարի հետո ամբողջովին նոր սպառազինություն ունենալու ակնկալիքով:

  • Ոչ մարտական պայմաններում բանակում մահացած Արտակ Նազարյանի գործով ամբաստանյալների պաշտպանները դատարանին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել, որը մերժվել է՝ անհիմն լինելու փաստարկով: Նման որոշումից հետո տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը և նրա ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանը լքել են դատարանի դահլիճը:
  • ԱՄՆ ՊՆ-ն 5 տարվա ընթացքում ծրագրում է 5 միլիարդ դոլար տնտեսել, իսկ 10 տարվա ընթացքում Պենտագոնը մտադիր է պաշտպանական ծախսերն ընդհանուր առմամբ կրճատել 487 միլիարդ դոլարով:
  • Ռուսական բանակն էլ հինգ տարով դադարեցնում է զրահատեխնիկայի գնումը: ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ Նիկոլայ Մակարովը հայտարարել է, որ ժամկետի ավարտին զինվորականները հուսով են ստանալ սկզբունքորեն նոր սպառազինության տեսակներ, ինչը թույլ կտա դադարեցնել խորհրդային սպառազինության նորոգումները:  Մակարովը նաև նշել է, որ օրերս ծրագրվում է փորձարկել առաջին հարվածային անօդաչու սարքը:
  • Ադրբեջանական բանակում այսօր ևս մեկ մահ է գրանցվել: Բաքվում գտնվող զորամասերից մեկում 19-ամյա ադրբեջանցի կրտսեր սերժանտը մահացել է՝ զենքի հետ անզգուշորեն վարվելու հետևանքով:
  • Մինչ օրս Իրանն էր Իսրայելին մեղադրում ահաբեկչական գործողությունների, մասնավորապես, միջուկագետ-ֆիզիկոսի սպանության մեջ, իսկ այսօր արդեն Իսրայելն է Իրանին մեղադրում Բանգկոկի պայթյունն իրականացնելու մեջ:
  • Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը չի շրջանցել ահաբեկչությունների թեման:  «Իսրայելն ինքն է պլանավորել Հնդկաստանում ու Վրաստանում իր դեսպանատների նկատմամբ ահաբեկչական հարձակումները, որպեսզի դրանով իսկ ստվեր գցի այդ երկրների հետ Իրանի բարեկամական հարաբերությունների վրա: Իսրայելն այդ քայլին գնացել է Իրանի դեմ նոր հոգեբանական պատերազմ սանձազերծելու համար»,- ասել է նա:
  • Իրանական կայքը՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներին, գրում է, թե Իսրայելը Թուրքիայի տարածքում հակաիրանական ուղղվածությամբ հրթիռային համակարգ է փորձարկել:
  • Իրանի շուրջ զարգացումներն այսքանով չեն սահմանափակվում:  Ամերիկյան «Աբրահամ Լինկոլն» ավիակիրը մեկ ամսվա ընթացքում երկրորդ ամգամ անցել է Հորմուզի նեղուցով՝ ի ցուցադրություն այն բանի,որ Հորմուզի նեղուցը բաց է, անկախ Իրանի՝ այն փակելու մասին հայտարարություններին:
  • Միաժամանակ, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան հանդես է գալիս Իրանի միջուկային խնդրի լուծման ռազմական մեթոդների իսպառ բացառման օգտին: Ռազմական ճանապարհի ոչ նպատկային լինելու մասին երեկ հայտարարել էին նաև Գերմանիայի բարձրաստիճան այրերը՝ խուրդ տալով Իսրայելին զերծ մնալ Իսրայել-Իրան հավանական պատերազմից:
  • Շարունակվում է նաև թուրք-քրդական լարվածությունը և այս անգամ ևս չի ավարտվել առանց զոհերի: Երեկ թուրք զինվորականների և քրդերի միջև բախումներ են տեղի ունեցել, որի արդյունքում 2 թուրք զինվորական է սպանվել, վիրավորվել՝ 4-ը: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ քրդերի կորուսներն ավելի մեծ են եղել, քանի որ նրանց դեմ հանվել է թուրքական օդուժը:  Մեկ այլ աղբյուրի համաձայն՝ քրդական կողմից 15 զոհ էեղել:
  • Պակիստանը ևս հետ չի մնում սեփական զինարտադրության մասին խոսելուց: Այդ երկրի ռազմածովային ուժերը կկենտրոնանան սեփական ատոմային սուզանավերի մշակման և կառուցման վրա, որոնք պատրաստ կլինեն 5-8 տարի հետո:
  • Իսկ Ուկրաինայի Արտահանման վերահսկողության պետական ծառայությունը հերքել է Վրաստանի փոխվարչապետ Գեորգի Բարամիձեի այն հայտարարությունը, թե Կիևը շարունակում է զենք մատակարարել Թբիլիսիին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *