Սիրիան սահմանված ժամկետում ավարտել է քիմիական զենքի ոչնչացման առաջին փուլը

Սիրիային հաջողվել է սահմանված ժամկետում ավարտել քիմիական զենքի արտադրության ու քիմիական նյութերի միախառնման սարքերի ոչնչացումը։ ՄԱԿ-ի տեսուչներին և փորձագետներին գովեստի խոսքեր են հղվել կատարված աշխատանքի համար։

ՄԱԿ-ի փորձագետները՝ Սիրիայում

ՄԱԿ-ի փորձագետները՝ Սիրիայում

ՄԱԿ-ի և քիմիական զենքի արգելման կազմակերպությունը հաստատել են, որ առաջին փուլն ավարտված է ոչ ուշ, քան նոյեմբերի 1-ին, ինչպես և պայմանավորվել էին աշխատանքի մեկնարկի ժամանակ։

Նշենք, որ բացի քիմիական զենքի ոչնչացումից, կազմակերպությունների տեսուչները ստուգել են Սիրիայի կառավարության նախանշած 23 օբյեկտներից 21-ը և 41 սարքավորումներից՝ 39-ը։ Երկու օբյեկտներ չեն ստուգվել՝ ելնելով անվտանգության նկատառումներից։ Ընդ որում, Սիրիայի կառավարությունը հայտնել էր՝ այդ երկու օբյեկտները ստուգելու կարիք չկա, քանի որ այնտեղի քիմիական պաշարները տեղափոխվել են։

ՄԱԿ-ի ու քիմիական զենքի արգելման կազմակերպության համատեղ առաքելությունը դրական է գնահատել քիմիական զենքի պաշարները ոչնչացնելու Սիրիայի կառավարության պատրաստակամությունը։ Առաքելությունը հաստատել է, որ քիմիական նյութեր միախառնող ու քիմիական զենքի ստեղծման համար կիրառվող սարքավորումները ոչնչացված են։
Հիշեցնենք, որ հաջորդ փուլի վերջժամկետը նոյեմբերի 15-ն է, երբ առաքելությունը պարտավորվելու է զեկույց ներկայացնել՝ քիմիական զենքի պաշարների ոչնչացման գործընթացի մանրամասների վերաբերյալ։

Համաձայն ծրագրի` Սիրիայի քիմիական պաշարների ու դրանք արտադրող բոլոր սարքավորումների վերջնական ոչնչացումն ավարտվելու է 2014-ի հունիսի 30-ին։
Հավելենք նաև, որ հոկտեմբերի 31-ին ՌԴ-ն հրաժարվել է իր տարածքում Սիրիայի քիմիական պաշարի ոչնչացումից՝ փոխարենը գործընթացի համար տրամադրելով ավելի քան 2 մլն ԱՄՆ դոլար։ Նորվեգիան ևս հրաժարվել էր իր տարածքում պաշարները ոչնչացնելուց։

Սիրիայի հակամարտության առաջին իսկ օրվանից կառավարական զորքերն ու զինյալները քիմիական զենքի կամ արգելված թունավոր նյութերի օգտագործման փոխադարձ մեղադրանքներ են ներկայացնում։ Աղմկահարույց էր հատկապես 2013-ի օգոստոսին Դամասկոսի մերձակայքում քիմիական զենքի կիրառման միջադեպը, որի պատճառով, ըստ արևմտյան կազմակերպությունների, ավելի քան 1500 մարդ է զոհվել: Միջազգային կազմակերպությունների զեկույցներից այդպես էլ պարզ չդարձավ՝ կառավարությունն էր կիրառել քիմիական թունավոր նյութերը, թե զինյալների խմբավորումները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *