ԱՄՆ-ն ընդունում է, որ գաղտնալսումներում չափն անցել է

Ըստ ԱՄՆ ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի բացահայտումների՝ Միացյալ Նահանգների Ազգային անվտանգության և Կենտրոնական հետախուզության վարչությունը գաղտնալսել է նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի անձնական բջջային հեռախոսը։

Էդվարդ Սնոուդեն

Էդվարդ Սնոուդենը

Սնոուդենը պատրաստ է Գերմանիայի դատախազությանն ու պատգամավորներին պատմել կանցլերի հեռախոսի գաղտնալսումների մասին մանրամասներ։ Այս մասին տեղեկացնում է «Ռոյթերս» գործակալությունը՝ հղում անելով Գերմանիայի խորհրդարանի «Կանաչներ» կուցակցության պատգամավոր Հանս-Քրիստիան Շտրոբելեին։
Շտրոբելեն Սնոուդենի հետ հանդիպել է երեկ՝ հոկտեմբերի 31-ին, Ռուսաստանում, քանի որ վերջինիս Ռուսաստանը մեկ տարով ժամանակավոր կացարան է տվել։ Նրա հավաստմամբ, Սնոուդենը հասկացրել է, որ շատ ավելին գիտի ու կարող է գնալ Գերմանիա և ցուցմունք տալ, քանի որ ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունը հրաժարվել է համագործակցել գերմանական կողմի հետ։

Իսկ ահա այսօր՝ նոյեմբերի 1-ին, Շտրոբելեն պատրաստվում է խորհրդարանում ներկայացնել Սնոուդենի հետ հանդիպման մանրամասներն ու հրապարակել խորհրդարանին ուղղված նախկին գործակալի նամակը։ Որպես այս ամենի ապացույց՝ Շտրոբելեն իր միկրոբլոգում հրապարակել է Սնոուդենի հետ լուսանկար, իսկ գերմանական ARD հեռուստաալիքը ցուցադրել է նրանց ձեռքսեղման տեսագրությունը։

«Ռոյթերս» գործակալությունը նշում է նաև, որ 74-ամյա Շտրոբելեն հատուկ ծառայությունների աշխատանքը հսկող խորհրդարանական հանձնաժողովի անդամ է։ Հետաքրքիրն է, որ նա Սնոուդենին է հանդիպել ԱՄՆ և Գերմանիայի ներկայացուցիչների հանդիպումից մեկ օր անց։ Կողմերը Վաշինգտոնում հանդիպել էին Մերկելի հեռախոսի գաղտնալսման սկանդալը քննարկելու համար։

Այս հարցը նոյեմբերի 18-ին քննարկվելու է խորհրդարանում։ Ընդդիմությունը, որի կազմում է նաև Շտրոբելեի կուսակցությունը, պատրաստվում են հասնել բաց հետաքննության։
Նշենք, որ սա ամերիկյան հատուկ ծառայությունների գաղտնալսման միակ դեպքը չէ։ ԱՄՆ գաղտնալսումների թիրախում են նաև ճապոնացի բարձրաստիճան պաշտոնյաները։ Սրա մասին գրում է ճապոնական NKN հեռուստաալիքը՝ հղում անելով Սնոուդենին։ Հեռուստատեսությունը, հիմնվելով Սնոուդենի բերած փաստերին, հայտարարել է, որ Ճապոնիայում կան հատուկ կետեր, որոնք նախատեսված են հեռախոսազանգերը լսելու համար։

Ըստ Սնոուդենի տվյալների՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ավստրալիան, Կանադան և Նոր Զելանդիան մինյանց նկատմամբ հետախուզական գործունեություն չեն ծավալում։
Հետաքրքրական է, որ այսօր ԱՄՆ միջպետական գերատեսչության կայքը հրապարակել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հաստատել է, թե ամերիկյան հատուկ ծառայությունները հետախուզական աշխատանքների ժամանակ որոշ դեպքերում անօրինական են գործել։

Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. «Ես վստահեցնում եմ, որ այս գործընթացում անմեղ մարդիկ չեն տուժել, բայց տեղեկություն հավաքագրելու փորձ եղել է, որոշ դեպքերում էլ այն բավական հեռու է գնացել և շրջանցել օրենքը։ Ես, ինչպես նաև Բարաք Օբաման ընդունում ենք դա, և մենք կհետևենք, որ նման բաներ ապագայում այլևս չկրկնվեն»։
Քերին նաև նշել է, որ ամերիկյան հատուկ ծառայությունների աշխատանքների ծավալները լրատվամիջոցներում չափազանցվում է, և 70 մլն մարդու գաղտնալսելու տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։
Սա առաջին դեպքն է, երբ ԱՄՆ կառավարությունն ընդունել է անվտանգության ծառայությունների աշխատանքի անօրինականությունը գոնե որոշ դեպքերում` չնայած այս ամենը հանգեցրել է Վաշինգտոնի և մի շարք երկրների հարաբերությունների լարվածության։
Հավելենք, որ վերջերս Սնոուդենը բացահայտել էր, որ ԱԱԳ-ի հատուկ վարչությունը, որը զբաղվում է հույժ կարևոր տեղեկությունների ձեռքբերմամբ, 2010-ի մայիսին կոտրել է Մեքսիկայի նախագահ Ֆելիպե Կալդերոնի էլեկտրոնային փոստը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին հայտնի էր դարձել, որ ԱՄՆ ԱԱԳ-ն հետևել է Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆի, ինչպես նաև Մեքսիկայում այդ ժամանակ դեռևս նախագահի թեկնածու Էնրիկե Պենյան Նյետոյի նամակագրությանը։ Ըստ Սնոուդենի տրամադրած փաստաթղթերի՝ ամերիկացիները պարբերաբար ընթերցել են 2012-ի հունիսից գրված Նյետոյի նամակները, որոնցում Մեքսիկայի ապագա նախագահը քննարկում էր մյուս թեկնածուներին։ Բացի այդ, գաղտնալսվում էր նրա հեռախոսը, և ընթերցվում էին բջջային հաղորդագրությունները։
Բրազիլիայի ու Մեքսիկայի ԱԳՆ-ներն այս դեպքից հետո կանչել էին ԱՄՆ դեսպաններին՝ գաղտնալսումների վերաբերյալ բացատրության պահանջով։ Մեքսիկայի ԱԳՆ-ն ԱՄՆ կառավարությունից պահանջել էր «հանգամանալից հետաքննություն սկսել», իսկ Բրազիլիայի կառավարությունը դեպքին առավել կոշտ որակավորումներ էր տվել՝ շեշտելով, որ ԱՄՆ հետախուզության քայլերը «անհանդուրժելի միջամտություն են Բրազիլիայի ներքին գործերին»։
Նշենք, որ այս տեղեկատվությունների հեղինակ Սնոուդենի նկատմամբ ԱՄՆ-ում քրեական գործ է հարուցվել՝ հետախուզության և երկրի սեփականությունը գողանալու մեղադրանքով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *