Պեկինի կենտրոնական հրապարակի կասկածելի պայթյունի գործով 5 հոգի ձերբակալված են

Չինաստանի ոստիկանությունը ձերբակալել է 5 հոգու հոկտեմբերի 28-ին Պեկինի կենտրոնական հրապարակում ավտոմեքենայի պայթյուն կազմակերպելու մեղադրանքով: Չնայած փաստերն ու վկայությունները բավարար են, բայց իշխանությունները չեն շտապում միջադեպն ահաբեկչություն որակել:

Լուսանկար՝ դեպքի վայրից

Լուսանկար՝ դեպքի վայրից

Այսօր արդեն Չինաստանի պաշտոնական աղբյուրները որևէ տեղեկություն չեն հայտնում ձերբակալվածների ազգային պատկանելության, ինքնության, մասնագիտության վերաբերյալ: Հայտնի է միայն, որ ըստ Չինաստանի հանրային հեռուստաընկերության՝ միջադեպից ընդամենը 10 ժամ անց Պեկինի «ահաբեկչության կազմակերպիչներին ձերբակալել են»: Բացի այդ, ոչ պաշտոնական աղբյուրները վկայում են՝ միջադեպի առնչությամբ ևս 8 հոգու նկատմամբ հետախուզություն է հայտարարված:

Հետաքրքիր է այն հանգամանքը, որ մինչ օրս Չինաստանի պաշտոնյաներն ու պատկան մարմինները հոկտեմբերի 28-ի միջադեպն ուղիղ ահաբեկչություն չեն անվանում, այլ տալիս են շատ զգույշ որակավորումներ՝ «միջադեպ», «պատահար», «պայթյուն»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին Չինաստանի մայրաքաղաք Պեկինի Թյանանմեն հրապարակում գրանցված ավտոմեքենայի պայթյունը խլել է 5 հոգու կյանք, նախնական տեղեկությամբ՝ վիրավոր են 40-ը: Նախնական վարկածով՝ կասկածյալները Սինցզյան-ույղուրյան ինքնավար շրջանի 2 բնակիչներն են։

Հոկտեմբերի 29-ին «Ռոյթերս» գործակալության տվյալներով՝ Պեկինում հետախուզություն էր հայտարարված 2 ույղուր կասկածյալների նկատմամբ։ Ոստիկանությունը զգուշացրել էր տեղի հյուրանոցների աշխատակիցներին ցանկացած կասկածելի այցելուի մասին անհապաղ տեղեկացնել իրենց։

Ոստիկանությունը վկայում է, որ հրապարակում պայթած ավտոմեքենան Սինցզյան-ույղուրական ինքնավար շրջանի համարանիշով էր։

Հավելենք, որ Սինցզյան-ույղուրական ինքնավար շրջանում հաճախ են ազգային հողի վրա վեճեր ու միջադեպեր գրանցվում ույղուր ազգաբնակչության և չինական իշխանությունների միջև։ Ընդ որում, ույղուրները մեղադրում են Չինաստանին իրենց ավանդույթները չհարգելու, ձուլման քաղաքականություն վարելու, իրենց մշակույթի վրա ազդելու փորձերի համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *