Պայթյուն՝ Պեկինի կենտրոնական հրապարակում. կասկածվում են ույղուր անջատողականները

Չինաստանի մայրաքաղաք Պեկինի Թյանանմեն հրապարակում գրանցված ավտոմեքենայի պայթյունը խլել է 5 հոգու կյանք, նախնական տեղեկությամբ՝ վիրավոր են 40-ը: Նախնական վարկածով՝ կասկածյալները Սինցզյան-ույղուրյան ինքնավար շրջանի 2 բնակիչներն են։

Լուսանկար՝ դեպքի վայրից

Լուսանկար՝ դեպքի վայրից

Ինչպես հոկտեմբերի 28-ին հաղորդում է AFP լրատվական գործակալությունը, զոհվածների շարքում կա զբոսաշրջիկ Ֆիլիպիններից:

Ականատեսների վկայությամբ՝ ավտոմեքենան կտրուկ մուտք է գործել Պեկինի կենտրոնական հրապարակ, մխրրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ապա բոցավառվել: Դեռևս պարզ չէ՝ արդյոք սա նախապես ծրագրված գործողություն է եղել, թե պատահականություն:

Նշենք, որ ավտոմեքենայի վարորդը ևս զոհվել է:

Ականատեսների մի մասը փաստում է՝ բոցավառվելուց առաջ պայթյունի ձայն է լսվել: Պաշտոնական աղբյուրներն այս պահի դրությամբ լռում են:

Միջադեպից անմիջապես հետո ոստիկանությունը կենտրոնական հրապարակից տարհանել է բոլորին, այնուհետև՝ փակել հրապարակ տանող փողոցները: AFP գործակալության մի քանի թղթակիցներ, որոնց հաջողվել էր միջադեպի վայր ժամանել, ոստիկանների պահանջով հեռացել են: Ավելին, թղթակիցները տեղեկացնում են՝ ոստիկաններն իրենց թվային տեսախցիկներից հեռացրել են լուսանկարած կադրերը:

Ներկա դրությամբ թե՛ Չինաստանի ԱԳՆ-ն, թե՛ այլ գերատեսչություններ պաշտոնական հայտարարություններ չեն արել: Ուստի պարզ չէ՝ արդյոք կատարվածն ահաբեկչական գործողություն էր:

Այնուհանդերձ, այսօր արդեն՝ հոկտեմբերի 29-ին, «Ռոյթերս» գործակալության տվյալներով՝ Պեկինում հետախուզություն է հայտարարված 2 ույղուր կասկածյալների նկատմամբ։ Ոստիկանությունը զգուշացրել է տեղի հյուրանոցների աշխատակիցներին ցանկացած կասկածելի այցելուի մասին անհապաղ տեղեկացնել իրենց։

Ըստ նույն աղբյուրի՝ նշված 2 հոգին իսլամ դավանող թյուրքալեզու ույղուրների ներկայացուցիչներ են։ Ոստիկանությունը վկայում է, որ հրապարակում պայթած ավտոմեքենան Սինցզյան-ույղուրական ինքնավար շրջանի համարանիշով էր։

Հավելենք, որ Սինցզյան-ույղուրական ինքնավար շրջանում հաճախ են ազգային հողի վրա վեճեր ու միջադեպեր գրանցվում ույղուր ազգաբնակչության և չինական իշխանությունների միջև։ Ընդ որում, ույղուրները մեղադրում են Չինաստանին իրենց ավանդույթները չհարգելու, ձուլման քաղաքականություն վարելու, իրենց մշակույթի վրա ազդելու փորձերի համար։ Չինաստանն էլ իր հերթին մեղադրանքներ է ներկայացնում ույղուրներին հասարակական կարգը խախտելու, ազգային անվտանգությանը սպառնալիք հանդիսանալու, անջատողական նկրտումների հարցում։

Նկատենք, որ ույղուրների կողմից իրականացված ահաբեկչական գործողությունների փորձեր անցյալում գրանցվել են։ Մասնավորապես, 2008-ին Պեկինում կայացած Օլիմպիական խաղերի ժամանակ ՉԺՀ Հասարակական անվտանգության նախարարությունը հրապարակել էր ույղուր ահաբեկիչների ցուցակը, որոնց կասկածվում էին ահաբեկչական գործողություններ անցկացնելու փորձի, խաղերի անցկացումը խափանելու ակցիաներ կազմակերպելու մեջ:

Հետախուզվող ույղուր զինյալները Չինաստանում արգելված «Արևելյան Թուրքեստան իսլամական շարժում» խմբավորման անդամներ էին, որը պայքար է մղում Սինցզյան շրջանի անկախացման ու իսլամական պետություն դառնալու ուղղությամբ։

Չինաստանի արտգործնախարարության տվյալներով` «Արևելյան Թուրքեստան իսլամական շարժում»-ն ույղուր անջատողականներին միավորող ամենաակտիվ կազմակերպությունն է: Նրա շուրջ 600 զինյալները նախապատրաստություն են անցել իսլամիստների ճամբարներում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *