Հոկտեմբերի 29-ին Սիրիայում սպանվել է հերթական լրագրողը։ Այս անգամ զոհն արաբական «Ալ Արաբիա» հեռուստաընկերության թղթակից, Հալեպում ծնված Մոհամադ Սաիդն է, որը լուսաբանում էր Սիրիայի հակամարտությունը։
Ինչպես հոկտեմբերի 30-ին հաղորդում է «ալ Արաբիա» հեռուստաընկերությունը, թղթակցին սպանել են Հրեյթան գյուղում, խլացուցիչով ատրճանակից։ Մարդասպանի ինքնությունը դեռևս պարզված չէ։
Նշենք, որ Սաիդը նյութեր էր պատրաստում մի քանի լրատվամիջոցների համար, մասնավորապես՝ նորություններ, տեսանկարահանումներ շրջաններում զինյալների ու կառավարական զորքերի բախումների վերաբերյալ։
Հիշեցնենք, որ «Լրագրողների պաշտպանության հանձնաժողով» կազմակերպության տվյալներով՝ Սիրիան հակամարտության սկսվելուց ի վեր դարձել է լրագրողների համար ամենավտանգավոր վայրերից մեկը։ Ընդ որում, լրագրողների վրա հարձակումներ իրականացնում են ոչ միայն զինյալները, այլև կառավարական զորքերը։
Amnesty International իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ Սիրիայում 2012-ին նվազագույնը 39 լրագրող է սպանվել, 21-ն էլ առևանգվել են ու անհայտ կորած են համարվում։
Հավելենք, որ հոկտեմբերի 9-ին Ֆրանսիայի վարչապետին լրագրողը հարցրել էր Դիդիե Ֆրանսուա և Էդվարդե Էլիա ռադիոլրագրողների մասին, որոնք առևանգվել էին հոկտեմբերի 6-ին, սակայն վարչապետն ի պատասխան ասել է՝ տեղեկություններ ունեն, որ ոմն Նիկոլյա Էնենեն ու լուսանկարիչ Պյեր Տորրեսը, որոնց անունները մինչ օրս չէին նշվում Սիրիայում կորած ֆրանսիացի լրագրողների շարքում, ողջ են։
Վերջին համանման միջադեպը գրանցվել է իսպանական El Periódico թերթի թղթակից Մարկ Մարխինեդասի հետ։ Նա անհայտ կորած է համարվում։
Սովորաբար առևանգողները պահանջում են պատանդի հարազատներից կամ գործատուներից մեծ չափի գումար։