Հայտնի է ԱՄՆ ՌՕՈւ հիմնական ԱԹՍ-ների գումարային թռիչքաժամանակը

ԱՄՆ-ն հրապարակել է իր ռազմաօդային ուժերի հիմնական ԱԹՍ-ների ընդհանուր թռիչքաժամանակը՝ 2 մլն ժամ։ Ընդ որում, 16 տարվա ընթացքում որոշ տիպի ԱԹՍ-ներ գրանցել են ընդամենը 1 մլն ժամ, իսկ 2,5 տարում՝ արդեն իսկ 2 մլն ժամ։ Սա վկայում է՝ ԱՄՆ-ն վերջին տարիներին սկսել է լայնորեն կիրառել այս սարքերը՝ տարբեր նկատառումներից ելնելով։

MQ-1 Predator ԱԹՍ

MQ-1 Predator ԱԹՍ

ԱՄՆ ՌՕՈւ մամուլի հաղորդագրության համաձայն՝ մեծ հեռահարության General Atomics MQ-1 Predator և MQ-9 Reaper ԱԹՍ-ներն արդեն հատել են 2 մլն ժամ գումարային թռիչքաժամանակի սահմանը։

Նկատենք, որ այս ժամաքանակի մեջ ընդգրկված չեն օրինակ ԿՀՎ-ի և այլ գերատեսչությունների գործունեության շրջանակներում օգտագործվող անօդաչու թռչող սարքերի թռիչքները, օրինակ՝ MQ-1C Gray Eagle ընտանիքի ԱԹՍ-ների օգտագործումը։

Հիշեցնենք, որ MQ-1 Predator ԱԹՍ-ն ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի շահագործմանն է հանձնվել 1995-ին՝ առաջին անգամ մարտական պայմաններում օգտագործվելով Բոսնիայում ու Հերցեգովինայում 1990-ականներին։

Ընդ որում, ուշագրավ է, որ MQ-1 Predator ու MQ-9 Reaper ԱԹՍ-ներին 1 մլն ժամաքանակը հատելու համար պահանջվել է 16 տարի, իսկ վերոհիշյալ 2 մլն թռիչքաժամանակը լրացվել է շուրջ 2,5 տարում։

Հավելենք, որ 2013-ի հունվարի դրությամբ ԱՄՆ ՌՕՈւ-ն ուներ 165 միավոր MQ-1В Predator և 104 միավոր MQ-9 Reaper ԱԹՍ-ներ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 2013-ի մայիսի 5-ին ԱՄՆ ՌՕՈւ Predator տիպի ԱԹՍ-ն, որը կրում էր Р107 սերիական համարը և շահագործման էր հանձնվել 2004-ի հոկտեմբերին, հատել է իր տեսակի թռչող սարքերի շրջանակներում ռեկորդային համարվող 20 հազար ժամ թռիչքաժամանակը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *