Ֆրանսիայի վարչապետ Ժան-Մարկ Էրոն հոկտեմբերի 9-ին տեղական հեռուստաալիքներից մեկով ելույթ ունենալիս ակամայից հրապարակել է հանրությանը մինչ այդ անհայտ տեղեկություն Սիրիայում առևանգված լրագրողների մասին։
Նա հավաստիացրել է, որ Ֆրանսիայի կառավարությունն ապացույցներ ունի՝ անհայտ կորած համարվող, սակայն իրականում առևանգված ֆրանսիացի լրագրողները կենդանի են։
Հետաքրքիր է այն հանգամանքը, որ լրագրողների անուններ թվարկելիս նա հայտարարել է ոչ թե այն մարդկանց մասին, ում վերաբերում էր հաղորդավարի հարցը, այլ խոսել է մինչ օրս անհայտ առևանգման դեպքի շուրջ։
Այսպես, վարչապետին հարցրել են Դիդիե Ֆրանսուա և Էդվարդե Էլիա ռադիոլրագրողների մասին, որոնք առևանգվել էին հոկտեմբերի 6-ին, սակայն վարչապետն ի պատասխան ասել է՝ տեղեկություններ ունեն, որ ոմն Նիկոլյա Էնենեն ու լուսանկարիչ Պյեր Տորրեսը, որոնց անունները մինչ օրս չէին նշվում Սիրիայում կորած ֆրանսիացի լրագրողների շարքում, կենդանի են։
Ինչպես հաղորդում է AFP լրատվական գործակալությունը, Ֆրանսիայի արտգործնախարարությունը վարչապետի խոսքերից հետո հարկադրված է եղել հանդես գալու հայտարարությամբ։ ԱԳՆ-ն հավաստիացնում է, որ անհայտ կորած Էնենի ու Տորրեսի մասին լրատվամիջոցներին չէին հայտնում, քանի որ հետևում էին նրանց հարազատների խնդրանքին։ ԱԳՆ-ից նաև հավելել են՝ հունիսի 22-ից ի վեր այս 2 լրագրողներին տեղեկություն չունեն։
Հիշեցնենք, որ Սիրիայում քաղաքացիական պատերազմի մեկնարկից ի վեր հաճախակի են դարձել օտարազգի լրագրողների առևանգման դեպքերը։ Վերջին համանման միջադեպը գրանցվել է իսպանական El Periódico թերթի թղթակից Մարկ Մարխինեդասի հետ։ Նա անհայտ կորած է համարվում։ Սովորաբար առևանգողները պահանջում են պատանդի հարազատներից կամ գործատուներից մեծ չափի գումար։