Մոսկվայում Կա-52 ուղղաթիռ է ընկել. կան տուժածներ

Հոկտեմբերի 29-ին Մոսկվայում Կա-52 «Ալիգատոր» ուղղաթիռի վթար է գրանցվել։ Երկու օդաչուներն էլ հոսպիտալացվել են։ Նախնական տեղեկությամբ՝ նրանք փրկվել էին կատապուլտի շնորհիվ, սակայն այդ տեղեկությունը հետագայում հերքվել է։

Լուսանկար՝ դեպքի վայրից

Լուսանկար՝ դեպքի վայրից

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, հաշվի առնելով ուղղաթիռում փորձարարական սարքավորման առկայությունը, վթարից կրած վնասը կազմում է 800 մլն ռուբլի (248 հազար 970 ԱՄՆ դոլար)։

ՌԴ առողջապահության նախարարի խորհրդական Իգոր Լանսկոյի խոսքերով՝ օդաչուների վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Կան նաև տուժածներ, որոնք վերջույթների տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։

Նշենք, որ համաձայն նախնական վարկածի` ուղղաթիռի անձնակազմը փրկվել է կատապուլտի շնորհիվ, ինչը եզակի դեպք կլիներ, եթե հաստատվեր, սակայն «Ինտերֆաքսի» աղբյուրը հերքել է այս տեղեկությունը։ Համաձայն դրա՝ անձնակազմի հրամանատարին ու շտուրմանին հաջողվել է դուրս գալ միայն ուղղաթիռի անկումից հետո։

Ուղղաթիռի վթարի պատճառը թերևս տեխնիկական անսարքությունն է։ Աղբյուրը վկայում է՝ անկումից առաջ ուղղաթիռը սկսել է պտույտներ կատարել, օդաչուներին չի հաջողվել վերականգնել կառավարումը և բարեհաջող վայրէջք կատարել։

Արդյունքում ուղղաթիռն ընկել է Կամովի ուղղաթիռային գործարանի տարածքում՝ բնակելի շենքերից ընդամենը 100 մ հեռավորության վրա։

ՊՆ-ի տվյալներով՝ Կա-52-ը կառավարում էին ոչ թե ՊՆ-ի, այլ «Կամով» ԲԲԸ-ի օդաչուները։

Ավելի վաղ հաղորդվում էր՝ ուղղաթիռը փորձնական թռիչք էր կատարում «Միստրալ» ուղղաթիռակիրների համար Կա-52 տախտակամածային նոր տարբերակի ստեղծման շրջանակներում։ Այս տեղեկությունը դեռևս չի հաստատվել։

Հավելենք, որ ուղղաթիռի անկման ժամանակ ականատեսները 2 պայթյուն են նկատել, սակայն ուղղաթիռում զինամթերք չի եղել։ Ենթադրաբար, դրանք վառելիքային բակերի բռնկման հետևանքով գրանցված պայթյուններն էին։

Ուղղաթիռի հրդեհը մարել են գործարանի աշխատակիցները։

Նկատենք, որ սա Կա-52-ի արդեն երկրորդ գրանցված վթարն է։ Ուղղաթիռը շահագործման է հանձնվել ընդամենը 2 տարի առաջ։ 2012-ի մարտին Կա-52 է վթարի ենթարկվել Տորժսկում՝ բարդ եղանակային պայմանների պատճառով։ Երկու օդաչուները զոհվել են։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *