Փորձարկումներ է անցնում «Տոռ» զենիթահրթիռային համակարգի նոր արդիականացումը

«Տոռ-Մ2ԿՄ» մոդուլային զենիթահրթիռային համակարգը փորձարկումներ է անցնում ռուսական ՌԴ «Կապուստին Յառ» զորավարժարանում։ Նոր համակարգը մոդուլային կառուցվածք է ստացել ու կարող է տեղադրվել տարբեր մեքենաների վրա։

Համակարգի կազմի մեջ են մտնում 9Ա331ՄԿ-1 առանձին մարտական հանգույցն ու 9Մ334 զենիթահրթիռային հանգույցը՝ 4 միավոր 9Մ9331 կառավարվող հրթիռներով։ Ընթացիկ փորձարկումների ժամանակ մոդուլային համակարգը տեղադրված է եղել հնդկական TATA մեքենայի վրա։

«Տոռ-Մ2ՄԿ» զենիթահրթիռային համակարգը նախատեսված է կարևորագույն ռազմական ու պետական օբյեկտներն ուղղաթիռների ու ինքնաթիռների հարվածներից, թևավոր, հակառադիոտեղորոշիչ ու այլ կառավարվող հրթիռներից, ավիառումբերից ու անօդաչու թռչող սարքերից պաշտպանելու համար։ Համակարգը գործում է օրվա ցանկացած ժամի ու եղանակային տարբեր պայմաններում։

Համակարգը օդային թիրախներ հայտնաբերում է շուրջ 32 կմ հեռավորությունից, միաժամանակ կարող է հսկել մինչև 10 թիրախ ու միաժամանակ հարվածել մինչև 4 թիրախի։ Հրթիռի թռիչքի հեռավորությունը 10-15 կմ է։ Համալիրի մոդուլի զանգվածը 15 տոննա է, անձնակազմը՝ 2 հոգի։

Մոդուլային կառուցվածքի ու զանգվածի շնորհիվ համակարգը կարող է տեղադրվել ինչպես բեռնատարների, այնպես էլ նավերի ու տանիքների վրա, տեղափոխվել ուղղաթիռներով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *