Ադրբեջանի պաշտպանության նախարարի ֆեյսբուքյան էջը կեղծ էր. Ադրբեջանի ՊՆ

Հոկտեմբերի 28-ին Ադրբեջանի նորանշանակ նախարար Զաքիր Հասանովի անունից Ֆեյսբուք սոցցանցում էջ էր բացվել։ Այսօր Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Թեյմուր Աբդուլաևը հայտարարել է՝ էջը ՊՆ-ի հետ որևէ առնչություն չունի, այն պաշտոնական չէ։

Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանով

Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանով

Նկատենք, որ «Գեներալ-գնդապետ Զաքիր Ասքեր օղլու Հասանով» անունը կրող էջը մի քանի ժամում ավելի քան 4000 հետևորդներ էր հավաքել։ Էջը բավականին ակտիվ էր, ադրբեջաներենով հրապարակվել էին նախարարի կենսագրական տվյալներն ու գործունեությունը։ Առանձին գրառումները տեղեկատվական բնույթ ունեին, պարունակում էին սպառնալիքներ՝ ուղղված հայկական կողմին, մի մասն էլ կադրային փոփոխությունների վերաբերյալ հերքում էր ներկայացնում նախարարի անունից։

Հետաքրքիր է այն հանգամանքը, որ էջում ակտիվ էին հատկապես լրագրողները։ Հաշվի առնելով այն, որ ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն ինքնակամ հրաժարականի դիմում է ներկայացրել, չի պատասխանում հեռախոսազանգերի, չի մեկնաբանում իրավիճակը, ՊՆ-ն էլ իր հերթին գրեթե ոչ մի կերպ չի արձագանքում կամ անորոշ պատասխաններ է տալիս պաշտոնանկությունների մասին շրջանառվող լուրերին՝ ֆեյսբուքյան նորաբաց էջը տեղեկատվության աղբյուր էր նրանց համար։ Այն լրացնում էր ՊՆ-ից պաշտոնական տեղեկության պակասը։

Նշենք, որ էջը ներկա դրությամբ հեռացված է։

54-ամյա Զաքիր Ասքեր օղլու Հասանովը դարձել է Իլհամ Ալիևի հրամանագրով Ադրբեջանի պաշտպանության նախարար հոկտեմբերի 22-ին՝ փոխարինելով 1995-ից պաշտոնավարող Սաֆար Աբիևին։ Մինչ այդ նա պաշտոնավարում էր որպես Ադրբեջանի ներքին գործերի փոխնախարար, ներքին զորքերի հրամանատար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *