Հոկտեմբերի 25-ին Երևանի «ՀայՓոստ» ՓԲԸ գլխամասային մասնաշենքում «հրդեհ» էր բռնկվել, որը հետևել էր ուժեղ երկրաշարժին։ Արտակարգ իրավիճակների նախարարությունն իրականացնում էր խոշոր հրամանատարաշտաբային ուսումնավարժություն։ Միջոցառման թեման՝ «Երևան քաղաքում ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումն ու իրականացումը»։
Սցենարի համաձայն՝ «ՀայՓոստ» ՓԲԸ-ն ժամը 13։00-ին ահազանգեց ԱԻՆ Օպերատիվ կառավարման վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն շենքում բռնկված հրեդի մասին։
Ահազանգից հետո դեպքի վայր ժամանեցին 4 մարտական հաշվարկ, 1 փրկարարական մեքենա, 2 ավտոսանդուղք։
Ուսումնավարժության ընթացքում ԱԻՆ աշխատակիցների օգնությամբ շենքից տարհանվեցին ավելի քան 100 աշխատակից, որից հետո գործի անցան հրշեջներն ու փրկարարները։ Այն հատվածից, որտեղից հնարավոր չէր մարդկանց ինքնուրույն տարհանել, շենքի վերին հարկերից տարհանում էին պարանների օգնությամբ։ Իսկ արդեն ներքևում նրանց սպասում էր «շտապօգնության» մեքենան։
Ուսումնավարժության ժամանակ ցուցադրվեց նաև, թե ինչպես պետք է երկրաշարժի հետևանքով շարքից դուրս եկած ավտոմեքենաներից տարհանել տուժածներին։
ԱԻՆ աշխատակիցները նախ կոտրեցին ավտոմեքենայի ապակիները, այնուհետև տուժածներին անշարժ տեղափոխելու համար կոտրեցին դռները, տանիքը։
Դրանից հետո վիրավորներին պատգարակով տեղափոխեցին մոտակա տեղակայման վայր, որտեղ էլ նրանց բուժօգնություն ցույց տրվեց։
Ուսումնավարժության ողջ ընթացքին հետևում էր Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը։ Հենց ընթացքում նա որոշակի դիտարկումներ էր անում աշխատակիցների պատրաստվածության մասին։
Ուսումնական վարժությունը ղեկավարում էր ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ Մուշեղ Ղազարյանը։
Ականատես լինելով բոլոր վարժություններին ՝ նախարար Երիցյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ընդհանուր առմամբ գոհ է ներկայացվածությունից։
«Ես նրանց աշխատանքը բավարար եմ գնահատում, քանի որ գերազանցի հասնելու համար դեռ շատ պետք է աշխատենք։ Բոլորդ տեսաք, որ վարժությունները դանդաղ էին անում։ Մասնակիցները մտածում էին, որ եթե վարժություն է, ապա կարելի է դանդաղ անել։ Բայց իրականում պետք է այնպես անենք, որ գիտակցեն, թե յուրաքանչյուրն ինչով պետք է զբաղվի։ Մյուսների ժամանակ բացթողումները կշտկվեն»,- նշեց Երիցյանը։
Նախարարը հավաստիացրեց, որ նման վարժանքները շարունակական են լինելու։
Ռազմինֆոյի այն հարցին, թե նմանատիպ զորավարժություն էլ որտեղ է նախատեսված իրականացնել, նախարարը նշեց, որ մոտակա ժամանակներում նախատեսված է իրականացնել նաև Տավուշի մարզում։
«Եվ Երևանում, և տարբեր մարզերում մշտապես վարժանքներ ենք անելու։ Մենք միասին պետք է անենք։ Կողքից նկատել ու նշել բացթողումները շատ ճիշտ է»,-վստահեցրեց Երիցյանը։
Նշենք, որ վերջերս ԱԻՆ-ը նմանատիպ ուսումնավարժանք էր իրականացնում նաև Շուշիում։
Սեյսմավտանգ գոտում գտնվող Հայաստանի համար, նմանատիպ զորավարժությունները հնարավորություն կտան արտակարգ իրավիճակների ժամանակ պատրաստ լինել արագ արձագանքելուն։