2013 թվականի հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում կայացած նախագահական ընտրությունների արդյունքում երկրի գործող նախագահ Իլհամ Ալիևը երրորդ անգամ անընդմեջ ստանձնեց Ադրբեջանի Հանրապետության նախագահի պաշտոնը:
Համաձայն ԱՀ սահմանադրությանը, նորընտիր նախագահը պետք է վերանշանակեր կառավարության անդամներին՝ նախարարներին։ Նախորդ կառավարության կազմից նորում չընդգրկվեցին միայն երկու նախարար, որոնցից մեկը Սաֆար Աբիևն էր, ով զբաղեցնում էր ԱՀ Պաշտպանության նախարարի պաշտոնը 1995 թվականից, իսկ ՊՆ ժամանակավոր պաշտոնակատարի դերը ստանձնել էր է´լ ավելի վաղ՝ 1993 թվականից։
Ըստ էության, Արցախյան պատերազմի ակտիվ փուլի ավարտից ի վեր (1994 թվականի մայիս) հենց նա էր ԱՀ Զինված Ուժերի առաջին դեմքը։ Եվ այս առումով ուշագրավ է հայացք գցել անցած երկու տասնամյակին՝ ամփոփելու համար Սաֆար Աբիևի՝ Ադրբեջանի զինված ուժերի ղեկավարման ժամանակաշրջանը։
1995 թվականին, երբ Սաֆար Աբիևն արդեն հիմնական սկզբունքով ստանձնեց Պաշտպանության նախարարի պաշտոնը, նրան ժառանգություն հասավ կաթվածահար եղած բանակ, որը գրեթե ամբողջությամբ քամել էր մարտունակության իր ռեսուրսները: Եվ առաջին հերթին հենց Աբիևի՝ որպես նախարարի ուսերին էր ընկած Զինված ուժերի մարտունակության վերականգման պատասխանատվությունը։ Այդ գործընթացի դինամիկան պատկերացնելու համար, կարելի է զուգահեռներ տանել Արցախի հարցի շուրջ բանակցային գործընթացում Ադրբեջանի քաղաքական վերնախավի ընդունած կեցվածքի և բանակի վիճակի վերականգման միջև։ Եթե զինադադարի կնքմանը հաջորդող տարիներին Ադրբեջանի պետական այրերը՝ ի դեմս նախագահ Հեյդար Ալիևի, անում էին քիչ թե շատ զուսպ հայտարարություններ, ապա հետագա տարիներին դրանք գնալով սկսեցին ավելի ագրեսիվ բնույթ կրել՝ վերածվելով ընդհուպ մինչև Հայաստանին պատերազմի հրապարակավ սպառնալիքների:
Վերոնշյալն ավելի ակնառու դարձնելու համար մեջբերենք երկու հատված հայր և որդի Ալիևների հայտարարություններից։
2002 թվականի օգոստոսի 14-ին Նախիջևանի հետ սահմանակից Սադարակ գյուղի մոտ կայացած Ադրբեջանի և Հայաստանի նախագահներ Հեյդար Ալիևի և Ռոբերտ Քոչարյանի հանդիպումից և բանակցությունների ավարտից հետո նախագահները լրագրողների համար հանդես եկան հայտարարությամբ։ Ելույթի իր մասում Հեյդար Ալիևն ասաց հետևյալը. «Հրադադարի ռեժիմը պետք է պահպանել և ամրապնդել, շարունակել խաղաղ բանակցությունները, օգտագործել հնարավոր բոլոր միջոցները՝ հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար»։
Իսկ արդեն 2010 թվականի օգոստոսին ԱՀ նախագահ Ալիև կրտսերը Սահմանապահ պետական ծառայության ակադեմիայի բացման արարողության ժամանակ ունեցած իր ելույթում ասեց հետևյալը. «Մենք կվերականգնենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Այդ նպատակով ռազմական բոլոր կառույցները միավորված են ընդհանուր հրամանատարության ներքո և գործում են գերագույն գլխավոր հրամանատարի հրամաններով։ Անհրաժեշտ պահին ռազմական բոլոր կառույցները կգործեն ինչպես միացյալ բռունցք և կվերականգնեն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»:
Ագրեսիվ դիրքորոշման ընդունումը, որն աստիճանաբար սկսեց նկատվել տարիների ընթացքում, անմիջականորեն կապված էր ադրբեջանական բանակի ամրապնդման հետ։ Որքան ուժեղանում էր բանակը, այնքան վստահ և ռազմատենչ հայտարարություններով էին հանդես գալիս այդ երկրի քաղաքական և ռազմական վերնախավերը։
Իսկ ո՞րն է անձամբ Սաֆար Աբիևի դերը բանակի ամրապնդման գործում։ Նրա պաշտոնավարման ժամանակաշրջանում ադրբեջանական բանակի արձանագրած հաջողություններից կարելի է առանձնացնել սպառազինության և տեխնիկայի տեսակները, որոնցով համալրվել են ԱՀ զինված ուժերը, ռազմական արդյունաբերության ոլորտում գրանցած նվաճումենրը, տասնյակ կարմիր ժապավենները, որոնք նախարարը կտրել է այս կամ այն զորամասում նոր մասնաշենքի բացման առթիվ և մի շարք այլ ձեռքբերումներ։ Ձեռքբերումներ, որոնք առաջին հայացքից վկայում են պաշտոնաթող նախարարի արդյունավետ աշխատանքի մասին, սակայն իրականում այդ դրանք կապված են ոչ թե Զինված ուժերի առաջին դեմքի անձնական հատկանիշների, այլ պարզապես ֆինանսական հնարավորությունների հետ։ Այլ կերպ ասած, որքան մեծ է ռազմական բյուջեն, այնքան շատ կարող ես քեզ թույլ տալ կտրել ժապավեններ, գնել թանկարժեք զինատեսակներ և հետո մի քանի հարյուր միլիոն դոլար արժողությամբ գնածդ սպառազինության անսարքությունների մասին անընդմեջ հայտնել արտադրող ձեռնարկությանը։
Ամենևին էլ չփորձելով զրոյացնել Սաֆար Աբիևի դերը ադրբեջանական բանակի կայացման գործում, եթե այն կարելի է համարել կայացած ՝ այդուհանդերձ, անդրադառնանք այն ցցուն թերություններին, որոնք եղել են և կան Ադրբեջանի զինված ուժերում և որոնք կանխել Սաֆար Աբիևին այդպես էլ չհաջողվեց։
Ադրբեջանի զինված ուժերում առկա ամենամեծ խնդիրը եղել և շարունակում է մնալ անձնակազմի բարոյահոգեբանական տխուր պատկերը։ Յուրաքանչյուր տարի ԱՀ բանակում գրանցվում են մահացության ելքով բազմաթիվ պատահարներ, որոնց գերակշիռ մասն են կազմում ոչ մարտական կորուստները։
Այսպես, 2011 թվականին Ադրբեջանի Մեջլիսի պաշտպանության հանձնաժողովի անդամ Զահիդ Օրուջը, մեկնաբանելով միջադեպը, որի արդյունքում ԱՀ ԶՈւ-ն ունեցավ միանգամից 7 զինծառայողի կորուստ, նշեց, որ ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների՝ վերջին վեց տարիների ընթացքում Ադրբեջանի բանակում զոհվել է 500 զինծառայող, որոնցից 300-ը կազմել են ոչ մարտական կորուստներ։ Ընդ որում, հարկ է նկատել, որ «ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն» ձևակերպումն ամենևին էլ չի նշանակում, որ թվերը հորինված կամ ուռճացված են, ընդհակառակը, Ադրբեջանի ՊՆ-ն աչքի չի ընկնում հասարակության իրազեկման թափանցիկ քաղաքականությամբ և բազմիցս բանակում գրանցված զոհերի իրական թվերն ու պատճառները կոծկվում են։
Ստորև ներկայացնում ենք Ադրբեջանի զինված ուժերում տեղ գտած մահվան ելքով պատահարների վիճակագրությունն ըստ տարիների.
Զոհերի քանակն ըստ մահվան պատճառի |
||||||
Տարեթիվը |
Ոչ կանոնադրական հարաբերություններ |
Մարտական կորուստներ |
Ինքնասպանություն | Հիվանդություն |
Այլ[1] |
Ընդ. |
2009թ |
28 հոգի |
13 հոգի |
” [2] |
” |
28 հոգի |
69 հոգի |
2010թ |
23 հոգի |
17 հոգի |
12 հոգի |
7 հոգի |
12 հոգի |
71 հոգի |
2011թ |
18 հոգի |
14 հոգի |
10 հոգի |
11 հոգի |
23 հոգի |
76 հոգի |
2012թ |
22 հոգի |
16 հոգի |
19 հոգի |
14 հոգի |
28 հոգի |
99 հոգի[3] |
2013թ[4] |
6 հոգի |
9 հոգի |
16 հոգի |
10 հոգի |
32 հոգի |
73 հոգի |
ԸՆԴԱՄԵՆԸ |
388 հոգի |
Ինչպես կարելի է նկատել վերոնշյալ աղյուսակում, զոհերի ընդհանուր թիվը տարիների ընթացքում շարունակում է մնալ անփոփոխ և դրական միտումներ այս առումով առայժմ չեն նկատվում:
Շարունակելով անդրադառնալ արատավոր այն երևույթներին, որոնք արմատացել են ադրբեջանական բանակում Սաֆար Աբիևի օրոք՝ հարկ է նշել կոռուպցիոն և քրեական բնույթի մի շարք աղմկահարույց դեպքեր, որոնք պարզապես ընկալելի չեն պաշտպանության բազմամիլիարդանոց բյուջե ունեցող երկրի համար։
Մասնավորապես, 2013 թվականի սեպտեմբեր ամսին մեծ աղմուկ բարձրացավ, երբ Ադրբեջանի գյուղատնտեսության փոխնախարար Ասլան Ասլանովը լրագրողների հետ զրույցում անզգուշաբար մատնեց, որ երկրում տարածված բունյավիրուսով վարակված անասունների միսը մատակարարվում է զինված ուժերին։ Քիչ անց, հասկանալով, թե ինչ սխալ է թույլ տվել, փորձեց արդարանալ՝ ասելով, որ այդ վիրուսը մարդուն չի փոխանցվում և այն բացարձակ անվտանգ է։Մինչդեռ, գյուղատնտեսության գծով ադրբեջանցի փորձագետ Վահիդ Մեհերեմովը, մեկնաբանելով փոխնախարարի հայտարարությունը, ասաց, որ վերոնշյալ վիրուսն ամենևին էլ անվտանգ չէ մարդու համար, և որ այս առընչությամբ պետք է քրեական գործեր հարուցվեն։
Փորձելով անդրադառնալ նաև Ադրբեջանի բանակում խորը արմատներ գցած կոռուպցիային, առերեսվում ենք մի մեծ խնդրի. կոռուպցիայի և խոշոր չափերի հասնող կաշառակերության դեպքերն այնքան շատ են, որ դժվարություն է առաջանում կողմնորոշվել, թե որպես օրինակ ո՞ր դեպքը մատնանշել։ Թերևս տեղին կլինի միայն մեջբերել 2011 թվականին սկիզբ առած աղմուկը, որը նոր ընթացք ստացավ վերջերս՝ 2013 թվականի հոկտեմբերին։ Խոսքը պաշտոնաթող նախարար Սաֆար Աբիևի հունգարական «OTR BANK»-ում առկա հաշվեհամարի մասին է, որում առկա է 65 միլիոն եվրո։ Այս հարցը կրկին արդիական դարձրեց ադրբեջանցի ռազմական փորձագետ Յաշար Ջաֆարլին, ով պահանջեց երկրի գլխավոր դատախազից և Ազգային անվտանգության նախարարությունից, որպեսզի Աբիևին պատկանող այս գումարների ծագումը պարզելու նպատակով հետաքննություն անցկացվի։
Ըստ Ջաֆարլիի՝ 2011 թվականին բանկի ղեկավարությունը գումարի ծագման աղբյուրը հավաստող փաստաթղթեր է պահանջել, որը, տրամաբանական է, որ չի տրամադրվել, և բանկը սառեցրել է Սաֆար Աբիևին պատկանող 65 միլիոն եվրո պարունակող բանկային հաշիվը։ Եթե այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ապա Աբիև, բազմամիլիարդանոց ռազմական բյուջե և 65 միլիոն եվրո պարունակող բանկային հաշիվ շղթայի շուրջ մտորումներին կարելի է տալ ազատ ընթացք։
Ամփոփելով աբիևյան ղեկավարման ժամանակաշրջանը՝ կարելի է փաստել, որ թեպետ նա ուներ ռազմական գործողություններին մասնակցության հարուստ փորձ, կանգնած էր բանակի ստեղծման ակունքներում և ուներ բավարար ժամանակ բանակի առջև ծառացած կործանարար բնույթ կրող երևույթները եթե ոչ արմատախիլ անելու, ապա առնվազն մեղմելու, սակայն իրականությունն այն է, որ Աբիևի օրոք այդ երևույթներն, ընդհակառակը, ավելի սուր բնույթ ընդունեցին։ Ինչպիսի ձեռքբերումներ կհաջողվի գրանցել Աբիևին հաջորդած նախարարին, ցույց կտա ժամանակը, սակայն միանշանակ է, որ նոր նախարարը «ժառանգություն ստացավ» բանակ, որը բազմակողմանիորեն թաղված է առանցքային բնույթ կրող խնդիրների մեջ։ Խնդիրներ, որոնք Սաֆար Աբիևն ի զորու չեղավ լուծել 20 երկար ու ձիգ տարիների ընթացքում։
Վռամ Խոջագորյան
[1] Այլ պատճառներն իրենց մեջ ներառում են Ճանապարհատրանսպորտային պատահարներ, էլեկտրահարություն, մահ անզգուշության հետևանքով և կենցաղային այլ պատճառներ
[2] Ստույգ տվյալներ հայտնի չեն
[3] Նշված է զոհերի թիվն ուժային բոլոր կառույցներում (ԶՈՒ, Սահմանապահ պետական ծառայություն, Ներքին զորքեր, Ազգային անվտանգության նախարարություն)
[4] Ներկայացված են տվյալներն առ 19.10.2013թ.