Նախիջևանի կլանի աջակցությունը՝ Զաքիր Հասանովի նշանակման գործոն

Ադրբեջանում արդեն տեսակետներ են հրապարակվում պաշտպանության նորանշանակ նախարար Զաքիր Հասանովի մասին: Նրան համարում են նախագահական աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիևի մտերիմը, նրա նշանակումը՝ «Նախիջևանի կլանի հաղթանակը»:

Զաքիր Ասքեր օղլու Հասանով

Զաքիր Ասքեր օղլու Հասանով

Azpolitika.info ադրբեջանական վերլուծական կայքը գրում է, որ Իլհամ Ալիևի երրորդ պաշտոնավարմամբ Նախիջևանից սերող, ռուսամետ կողմնորոշում ունեցող Ալիևների կլանը հաղթանակ տարավ արևմտամետ դիրքորոշմամբ աչքի ընկնող, առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի հոր Փաշաևների կլանի նկատմամբ: Հաղթանակի ապացույցը, ըստ աղբյուրի՝ երկու կարևորագույն գերատեսչությունների՝ ՊՆ-ի և աշխատանքի ու բնակչության սոցիալական ապահովման նախարարության ղեկավար պաշտոններում Նախիջևանի կլանի ջատագովներ Զաքիր Հասանովի ու Սելիմ Մուսլիմովի նշանակումն է:

Ընդ որում, կայքը շեշտում է, որ «ՆԱՏՕ-ական ուղղվածության Սաֆար Աբիևին փոխարինեց ռուսամետ հայացքներով առանձնացող Զաքիր Հասանովը, ինչը վկայում է՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Բաքու զուր չանցավ»:

Պատճառն էլ, թերևս այն էր, որ Աբիևը, արևմտամետ լինելով հանդերձ, հասցրել էր վատթարացնել հարաբերություններն ԱՄՆ-ի հետ՝ դեսպանի հանդիպման ձայնագրության հրապարակման սպառնալիքով և ընտրություններին դրական գնահատական տալու ձգտումներով, մինչդեռ Արևմուտքը բացասական էր արտահայտվել նախագահական ընտրությունների ու ընտրարշավի հասցեին:

Հիշեցնենք, որ Նախիջևանի կամ Ալիևների ու Բաքվի կամ Փաշաևների կլանների հակամարտության և դրա արդյունքում երկրում գլխավոր գերատեսչությունների պաշտոնները միմյանց մեջ բաժանելու մասին լուրերը քննարկվում են Հեյդար Ալիևի պաշտոնավարումից ի վեր: Այնուհանդերձ, սխալ կլինի պաշտպանության նոր նախարարի նշանակումը պայմանավորել բացառապես Ռամիզ Մեհտիևի հետ ունեցած սերտ հարաբերություններով և կլանային ներքին հակասություններով: Կան շատ այլ գործոններ:

Դրանց շարքում են ԶՈւ ոչ մարտական կորուստների մեծ թիվը, բարձր կաշառակերությունը, Սաֆար Աբիևի անվան շուրջ պտտվող սկանդալները: Այս տեսակետը կիսում է ընդդիմադիր «Ենի Մուսավաթ» (Yeni Müsavat) թերթը, որը մեջբերում է «Անվտանգություն, ժողովրդավարություն և տնտեսական զարգացում» (SeDEP) ՀԿ-ների դաշինքի նախագահ, պահեստազորի փոխգնդապետ, ռազմական փորձագետ, «Պահեստազորի սպաներ» ՀԿ-ի նախագահ Յաշար Ջաֆարլիի՝ դեռևս հոկտեմբերի 13-ին արված հայտարարությունները: Փորձագետը վկայում է՝ պաշտպանության նախարարը, ըստ վաղուց պտտվող լուրերի, հունգարական բանկերում ունի ավելի քան 65 մլն եվրո (87 մլն ԱՄՆ դոլար), որոնց ծագումն անհայտ է: Ուստի անհրաժեշտ է լուրջ հետաքննություն կատարել:

Հավելենք, որ նոր նախարարի անվան շուրջ կաշառակերության կամ այլ սկանդալներ դեռևս հայտնի չեն: Բացի կենսագրական տվյալներից՝ հայտնի է, որ ծնվել է թալիշաբնակ Աստարայում, չի բացառվում՝ թալիշ լինի, բայց այս տեղեկությունը զուտ առանց փաստարկումների խոսակցության մակարդակի է: Փորձագետների մի մասն էլ հիշեցնում է՝ նրա գլխավորած ներքին զորքերը մասնակցել են Ղուբայի ու Բաքվի ցույցերի դաժան ճնշմանը: Հիմնվելով Հասանովի՝ վաղուց տրված հարցազրույցների վրա՝ կարծիքներ հնչեցին, որ նրա օրոք Թուրքիայի հետ ռազմատնտեսական հարաբերությունները շատ ավելի սերտ են լինելու, քան սպասվում է:

Կան տեսակետներ, որ նոր նախարարն այնուհանդերձ քիչ փորձ ունի տվյալ պաշտոնի համար: Նշանակումից հետո իրականացված կադրային լուրջ փոփոխությունները կարող են իր դեմ ուղղել զինվորականների կամ նախկին պաշտոնյաների մի մասին, սակայն մյուս կողմից էլ՝ ՊՆ-ում նոր նշանակումները միտում կունենան թերևս բարձրացնելու նախարարի վարկանիշը ժողովրդի աչքում, որը տարիներ շարունակ Սաֆար Աբիևից փոփոխություններ չի տեսել: Բացի այդ էլ, նախարարը կվայելի նորանշանակ զինվորականների աջակցությունը:

Նկատենք, որ Հասանովի նշանակումն այնքան էլ սպասելի չէր, քանի որ ընտրություններից դեռևս ամիսներ առաջ քննարկվում էր Շամխորի կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռովշան Աքպերովի՝ պաշտպանության նախարար նշանակվելու հանգամանքը: Նա ևս վայելում էր Ալիևների կլանի աջակցությունը՝ սկսած Հեյդար Ալիևին անվերապահորեն ծառայելու ժամանակաշրջանից:

Այնուամենայնիվ, առանձին դիտարկման թեմա է նաև ռազմաքաղաքական ոլորտում Ադրբեջանի նախապատվությունն Արևմուտքից ՌԴ-ին ուղղելու հարցը: ՆԱՏՕ-ի հետ Ադրբեջանը բազմաթիվ ծրագրերով ու պայմանագրերով կապված է, մյուս կողմից էլ սպառազինության գնման պայմանագրեր ունի ՌԴ-ի հետ:

Հետաքրքիր է այն հանգամանքը, որ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հոկտեմբերի 23-ին կայացել է Աֆղանստանում Անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF) գործողությանը ներգրավված պետությունների պաշտպանության նախարարների հերթական կիսամյակային նիստը: Այս մասին Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը լռում է, մինչդեռ Ադրբեջանի զինծառայողները ծառայություն են անցնում Անվտանգության աջակցության միջազգային ուժերի կազմում՝ սկսած 2002-ի նոյեմբերից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *