ԱՄՆ-ն կստանա 1297 միավոր Flyer մեքենաներ մինչև 2020-ը

ԱՄՆ ԶՈւ հատուկ գործողությունների հրամանատարության (SOCOM) ու GDOTS ընկերության միջև կնքված պայմանագրով զինվորականները կստանան 1297 Flyer (Ֆլայեր) մեքենաներ։

Ամերիկյան Flyer մեքենան

Ամերիկյան Flyer մեքենան

5,8 մլն ԱՄՆ դոլար արժեքով պայմանագիրը կնքվել է Հատուկ գործողությունների հրամանատարության հայտարարած մրցույթի շրջանակներում։ Մրցույթի պայմանների համաձայն՝ հաղթող ընկերությունը մինչև 2020-ը պատվիրատուին պիտի հանձնի շուրջ 1300 մարտավարական մեքենա։ Միևնույն ժամանակ մեկ միավոր մեքենայի գինը չպիտի գերազանցի 350 հազար ԱՄՆ դոլարը ու հեշտ տեղափոխվող լինի։

Մրցույթում հաղթող է ճանաչվել հենց General Dynamics Ordnance and Tactical Systems (Ջեներալ դայնամիքս Օրդնանս ընդ Թաքթիքալ Սիսթեմզ) ընկերությունը, որը ԱՄՆ զինված ուժերին կտրամադրի Flyer հետախուզական թեթև մենենաներ։

1815 կգ զանգվածի ու ընդամենը 4,6 մետր երկարության շնորհիվ կարող է տեղավորվել ամերիկյան սպառազինության մեջ գտնվող մի շարք բեռնատար ուղղաթիռների բեռնախցիկում։ Flyer-ն ունի 1400 կգ բեռնատարողություն։ Մեքենայի առավելագույն արագությունը 180 կմ/ժ է, 100 կմ/ժ արագության հասնում է վայրկյանների ընթացքում։ 1,9 լիտր աշխատանքային ծավալով շարժիչն ապահովում է 150 ձիաուժ հզորություն։ 100 կմ երթի համար ծախսում է 12,8 լիտր վառելիք։

Մեքենան նախատեսված է բարդ աշխատանքային պայմաններում հատուկ գործողությունների իրականացման համար։ Կարող է իրականացնել ինչպես հետախուզական, այնպես էլ այլ գործողություններ։ Մեքենայի վրա կարող է ամրացվել տարբեր տեսակի զրահ՝ ըստ անհրաժեշտության։

Ամերիկյան Flyer մեքենան CH47F Չինուք ուղղաթիռի բեռնախզիկում

Ամերիկյան Flyer մեքենան CH47F Չինուք ուղղաթիռի բեռնախզիկում

Մեքենան մոդուլային է, ինչի շնորհիվ մեքենայի վրա կարելի է տեղադրել տարբեր սարքավորումներ ու հարմարեցնել կոնկրետ գործողությունների համար։ Իսկ պահեստամասերը մեծ մասը գործածվում է նաև քաղաքացիական մեքենաշինության մեջ։ Վերջինի շնորհիվ մեքենան հեշտությամբ կարելի է նորոգել դաշտային պայմաններում։

Մեքենայի տանիքին կա պտտվող աշտարակ, որի վրա կարող են տեղադրվել ինչպես գնդացիրներ, այնպես էլ մինչև 40 մմ ավտոմատ նռնականետներ։ Աշտարակը կարող է ղեկավարել անձնակազմից յուրաքանչյուրը։ Աշտարակի փոխարեն կարելի է տեղադրել նաև հեռակառավարվող մարտական մոդուլ՝ իր սպառազինությամբ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *