ԱՄՆ ՌԾՈւ-ն 1 ցենտով վաճառել է «Ֆորրեսթոլ» ավիակիրը, որը դուրս էին բերել նավատորմի կազմից 1993-ին: Նավը վաճառել են աճուրդում, որտեղ միակ գնորդ All Stars Metals ընկերությունը առաջարկել է այնպիսի գին, որքան եկամուտ կստանա որպես ջարդոն նավը հանձնելու դեպքում:
Ինչպես հաղորդում է CNN հեռուստաընկերությունը, All Stars Metals-ը պարտավորվում է իր հաշվին ավիակիրը քարշակով Պենսիլվանիայի նահանգից տեղափոխել Տեքսաս, որտեղ էլ նավը վերածելու են մետաղական ջարդոնի:
Նշենք, որ «Ֆորրեսթոլ» ավիակիրը, որը շահագործվել է ԱՄՆ ՌԾՈւ-ում շուրջ 38 տարի, ջուրն է իջեցվել 1954-ին՝ ՌԾՈւ-ի կազմում ընդգրկվելով 1955-ին: Անվանակոչվել է ԱՄՆ ՌԾՈւ և ԱՄՆ պաշտպանության առաջին նախարար Ջեյմս Ֆորրեսթոլի պատվին: Ընդ որում, ավիակիրը գլխավորն էր այն նախագծում, որի շրջանակներում հետագայում կառուցվեցին «Սարատոգա», «Ռեյնջեր», «Ինդեփենդենս» նավերը:
Նշենք, որ «Ֆորրեսթոլի» երկարությունը 325 մ է, լայնությունը՝ 72,5 մ, ջրատարողությունը՝ 59,7 հազար տոննա, ինչի շնորհիվ էլ նավատորմ ընդգկվելու ժամանակահատվածում ԱՄՆ ՌԾՈւ խոշորագույն նավն էր: Ունակ էր բացել մինչև 33 հանգույց արագություն, ընթացքի հեռավորությունը 12 հազար մղոն էր: Նավն օժտված էր 8 միավոր զենիթահրթիռային համակարգերով՝ յուրաքանչյուրը 127 մմ տրամաչափի, կարող էր իր վրա կրել շուրջ 90 ինքնաթիռ:
Հիշեցնենք, որ շահագործման ընթացքում նավը մասնակցել է մի շարք ռազմական գործողությունների: Այնուհանդերձ, նավը հայտնի էր նաև բազմաթիվ վթարների հետևանքով: Դրանցից ամենաաղմկահարույցը գրանցվել էր 1967-ի հուլիսի 29-ին, երբ նավը հրդեհվել էր տախտակամածին ինքնաթիռներից մեկի անզգուշաբար բաց թողած հրթիռի պատճառով: Հրթիռի արձակումը հանգեցրել էր կողքի ինքնաթիռների ու զինամթերքի պայթյուններին: Մահացել է 132 հոգի, հրդեհը շարունակվել է ավելի քան 14 ժամ: Այդ ընթացքում նավը մասնակցում էր Վիետնամի պատերազմին:
Հավելենք, որ 1993-ին նավից հրաժարվելուց հետո ԱՄՆ ՌԾՈւ-ն հայտարարել էր՝ պատրաստ է տրամադրել այն թանգարաններից մեկին, սակայն ցանկացող այդպես էլ չէր գրանցվել: