Դիտարկում Մարտակերում. առանց միջադեպերի

ԵԱՀԿ առաքելությունը հոկտեմբերի 25-ին հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի Մարտակերտի շրջանի Լևոնարխ գյուղի մոտակայքում։ Այս անգամ դիտարկումն անցել է առանց միջադեպերի, փոխանցում է Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը (Բուլղարիա) և Իրժի Աբերլեն (Չեխիա):

Շփման գծի հակառակ կողմից դիտարկման խմբի մեջ մտնում էին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Եվգենի Շարովը (Ուկրաինա) և ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը:

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են Արցախի արտաքին գործերի նախարարության և պաշտպանության բանակի ներկայացուցիչները:

Հիշեցնենք, որ հայ-ադրբեջանական շփման գծի Հադրութի ուղղությամբ հոկտեմբերի 17-ին նախատեսված ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելության պլանային դիտարկումն ընդհատվել է ադրբեջանական կողմից Պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ հրաձգային զենքից արձակված կրակոցների պատճառով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *