Ռուսական «Սուխոյ» ընկերությունը Ռուսաստանի Դաշնության ԶՈւ ռազմաօդային ուժերին է տրամադրել պայմանագրով նախատեսված Սու-34 ռմբակոծիչների հերթական քանակը։ Այս մասին տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով «Սուխոյ» ընկերությանը։
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ՝ փոխանցման հանդիսավոր արարողությունը Նովոսիբիրսկի Չկալովի անվան ավիացիոն գործարանում է եղել։ Ինքնաթիռներն օդ են բարձրացել և ուղևորվել տեղակայման վայր։
Նշենք, որ ընթացիկ տարվա մայիս և հունիս ամիսներին ՌԴ ՌՕՈւ-ին ընկերությանը փոխանցել էր ինքնաթիռների հերթական քանակը։ Դրանք շահագործվում են մարտական ստորաբաժանումներում։
Տեղեկացնենք, որ ՌԴ ռազմաօդային ուժերն ու «Սուխոյ» ընկերությունը Սու-34 ռմբակոծիչներ տրամադրելու մասին պայմանագիր կնքել են 2008 թվականին։ Ընդհանուր առմամբ, մինչև 2020 թվականը ՌԴ ՌՕՈւ-ն համալրվելու է 124 միավոր ռմբակոծիչներով։
Հավելենք, որ այս ինքնաթիռների սերիական արտադրությունը պատկանում է Նովոսիբիրսկի ավիացիոն գործարանին։
Սու-35-ի սպառազինությունում են ԳՇ-30-1 թնդանոթներ, 14 կախման կետ, Ս-8, Ս-13, Ս-25 հրթիռներ, ինչպես նաև Ռ-27 , Ռ-73 , Ռ-77 «օդ-օդ» և Խ-41 հականավային հրթիռներ։ Մարտական բեռը մինչև 8 հազար կգ է։
Մեկ միավոր Սու-34-ի արժեքը մոտ 32 մլն ԱՄՆ դոլար է։
Սու-34-ը Սու-27 կործանիչի հիմքի վրա ստեղծված նոր ռուսական ռմբակոծիչ է, որը պիտի փոխարինի արդեն հնացած Սու-24 ռմբակոծիչներին։ Ինքնաթիռը նախատեսված է ցամաքային և ջրային, ինչպես նաև՝ օդային թիրախներ ոչնչացնելու համար։