Ուժեղ պայթյուններ են գրանցվել Դամասկոսի օդանավակայանում և արվարձաններից մեկում

Սիրիայի մայրաքաղաքն ու դրա շրջակայքը զրկված են էլեկտրականությունից թերևս Դամասկոսի օդանավակայանի մոտակայքում գրանցված ուժեղ պայթյունի պատճառով։ Նախնական տվյալներով՝ զինյալները կանխամտածված պայթեցրել են օդակայանի կողքով անցնող գազատարը։

Ինչպես հաղորդում է Syrian Observatory for Human Rights իրավապաշտպան կազմակերպությունը, գազատարի պայթեցումն իրականացրել են զինյալները՝ դրա ուղղությամբ հրետանային համակարգերից բացված կրակով։

Այնուհանդերձ, պարզ չէ՝ թե ինչպես է գազատարի պայթյունը հանգեցրել մի ամբողջ քաղաքի՝ էլեկտրականությունից զրկվելուն։ Հնարավոր է՝ պայթյունը վնասել է էլեկտրացանցերը։

Նշենք, որ նույն Syrian Observatory for Human Rights-ի տվյալներով՝ հոկտեմբերի 23-ի երեկոյան Դամասկոսի արվարձաններից մեկում՝ Դումարում, ականապատ ավտոմեքենա է պայթել։ AFP լրատվական գործակալության հաղորդմամբ՝ պայթյունի զոհերը կառավարական ուժերի զինծառայողներն են։ Զոհերի և տուժածների քանակի մասին տվյալներ դեռևս չեն հաղորդվում։

Նկատենք, որ այս պայթյունների, ինչպես նաև օրեր առաջ Սիրիայում գրանցված մի շարք պայթյունների միակ աղբյուրը Syrian Observatory for Human Rights կազմակերպությունն է։

Այն, համաձայն պաշտոնական կայքի, հիմնադրվել է 2006-ի մայիսին և առնչություն չունի որևէ քաղաքական ուժի հետ, զբաղվում է Սիրիայում մարդու իրավունքների խախտումների և բռնի ուժի կիրառման դեպքերի լուսաբանմամբ ու դրանց վերաբերյալ զեկույցներ կազմելով։

Կազմակերպության ղեկավարը լոնդոնաբնակ սիրիացի Ռամի Աբդել Ռահմանն է, որի խոսքերով իրենք ունեն ավելի քան 230 աշխատակիցներ, բացի այդ Սիրիայում ունեն «հավաստի աղբյուրներ»։

Հետաքրքիր է այն հանգամանքը, որ կազմակերպության հասցեին բազմիցս մեղադրանքներ են հնչել կանխակալ զեկույցներ կազմելու և մտածված Բաշար Ասադի դեմ նյութեր հրապարակելու հարցում։ Սակայն դատելով վերջին զեկույցներից՝ այս կազմակերպությունը փոխել է իր մոտեցումները՝ տեղ հատկացնելով նաև զինյալների կողմից ահաբեկչական գործողությունների լուսաբանմանը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *