Ադրբեջանական կողմի կրակից տուժածների կյանքին, ըստ նախնական տվյալների, վտանգ չի սպառնում։ Այս մասին Ռազմինֆոյի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
Ըստ մամուլի քարտուղարի՝ զինծառայողներին տեղափոխել էին Իջևանի բժշկական կենտրոն։
Ռազմինֆոն կապվեց Իջևանի բժշկական կենտրոնի օրվա հերթապահ, ընդհանուր վիրաբույժ Հռիփսիմե Ղալումյանի հետ։ Ըստ նրա՝ զինծառայողներին առաջին բուժօգնություն են ցուցաբերել, որից հետո տեղափոխել են հոսպիտալ։ Թե կոնկրետ որ հոսպիտալ, բժշկուհին չգիտեր։
Ռազմինֆոն կապ հաստատեց նաև Կենտրոնական զինվորական հոսպիտալի գլխավոր բժշկի ընդունարանի հետ, որտեղից տեղեկացրին, թե զինծառայողներին դեռևս չեն բերել հոսպիտալ։
«Մենք տեղյակ են դեպքի մասին։ Բոլոր բժիշկներին պատվիրված է չհեռանալ հոսպիտալից։ Այս պահին հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը խորհրդակցության է»,- մեզ հետ զրույցում փոխանցեցին բժշկի ընդունարանից։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին, ժամը 13-14-ի սահմաններում ՀՀ Տավուշի մարզում՝ Բերդ-Իջևան ավտոճանապարհի Պառավաքարի հատվածում հակառակորդը կրակ է բացել ավտոճանապարհով ընթացող ավտոմեքենաների վրա, ինչի հետևանքով հայկական կողմն ունի զոհ և վիրավորներ։
Կրակահերթից տուժել են ինչպես քաղաքացիական, այնպես էլ զինվորական ավտոմեքենաներում եղած անձինք: Զինծառայողներին մարտական հերթապահության տեղափոխող զինվորական մեքենաների շարասյան վրա բացված կրակի հետևանքով զոհվել է ժամկետային զինծառայող, շարքային Գարիկ Արտակի Պողոսյանը, (Վանաձորի զ/կ, ծնված 1994թ., 2012թ. առաջին զորակոչ):
Հրազենային տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Արթուր Սերոբի Անդրանիկյանը (Վայքի զ/կ, ծնված 1994թ., 2012թ. առաջին զորակոչ), Արայիկ Նորիկի Ժամհարյանը (Մասիսի զ/կ, ծնված 1994թ., 2012թ. առաջին զորակոչ) և Մարտին Վահրամի Պետրոսյանը (Մասիսի զ/կ, ծնված 1994թ., 2012թ. առաջին զորակոչ)
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հակառակորդի այս հանցավոր քայլն անպատասխան չի մնա և հերթական անգամ այս սադրանքի պատասխանատվությունը կմնա սանձազերծողի վրա։