Գյուղում իրավիճակը հանգիստ է։ Կրակոցներ լսվում են մարտական դիրքերից։ Այս մասին Ռազմինֆոյին հայտնեց Պառավաքարի գյուղապետ Ռոլանդ Մարգարյանը։
Գյուղապետը հավաստիացրեց, որ Բերդ-Իջևան ավտոճանապարհի Պառավաքարի հատվածում հակառակորդի կրակից Պառավաքարի գյուղացիներ չեն տուժել։
Մինչ այդ ՊՆ հաղորդագրության մեջ նշվում էր, որ Բերդ-Իջևան ավտոճանապարհի Պառավաքարի հատվածում հակառակորդի կրակից տուժել են ինչպես քաղաքացիական, այնպես էլ զինվորական մեքենաներում եղած անձինք։
Քաղաքացիական անձանց վիրավորվելու մասին ոչինչ չգիտեին նաև Իջևանի բժշկական կենտրոնում, որտեղ էլ տեղափոխել էին տուժած զինծառայողներին։
Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ՀՀ Տավուշի մարզում՝ Բերդ-Իջևան ավտոճանապարհի Պառավաքարի հատվածում հակառակորդը կրակ է բացել ավտոճանապարհով ընթացող ավտոմեքենաների վրա, ինչի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ և 3 վիրավոր։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, տուժածներին տեղափոխում են Կենտրոնական ռազմական հոսպիտալ։
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հակառակորդի այս հանցավոր քայլը անպատասխան չի մնա և հերթական անգամ այս սադրանքի պատասխանատվությունը կմնա սանձազերծողի վրա: