ԱՄՆ զինված ուժերի գեներալ-մայոր Մայքլ Քերին, ում հրամանատարության ներքո է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների երեք ռազմաբազա, ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ «վստահության կորստի» պատճառով։ Այս մասին հայտնում է«Ռոյթերս» գործակալությունը՝ հղում անելով Պենտագոնի ներկայացուցչին։
Ազատման ճշգրիտ պատճառը դեռևս չի նշվում, բայց հայտնի է, որ աշխատանքից ազատումը Քերիի նկատմամբ ներքին հետաքննության արդյունք է։ Ինչպես գրում է The Wall Street Journal-ը, ԱՄՆ ռազմաօդային ուժերը հրաժարվել են մանրամասներ ներկայացնել, բայց նշել են, որ միջուկային զենքի ոլորտում զինծառայողների պահվածքը խիստ կարևոր է։ Մեկ այլ աղբյուր, որն իբր թե մոտ է ռազմական շրջանակին, նշել է, որ Քերիի ազատման պատճառը կապված է ալկոհոլ օգտագործելու հետ։
Պենտագոնի ներկայացուցչի հավաստմամբ՝ գեներալ-մայորի ազատման որոշումն ընդունել է ԱՄՆ ՌՕՈւ Գլոբալ հարվածային հրամանատարության ղեկավար գեներալ-լեյտենանտ Ջեյմս Կովալսկին։
Տեղեկացնենք, որ սա վերջին օրերի ընթացքում բարձրաստիճան զինծառայողների ազատման երկրորդ դեպքն է։ Հոկտեմբերի 9-ին հայտնի է դարձել, որ աշխատանքից ազատվել է ԱՄՆ Ռազմավարական հրամանատարության ղեկավարի տեղակալ Թիմ Ջիարդինան, ով պատասխանատու է եղել միջուկային ուժերի համար։ Նրան մեղադրում են խաղատան համար կեղծ խաղանիշներ օգտագործելու համար։