Ֆրանսիայի ռազմական տեխնիկայի գնումների գործակալությունը Nexter Systems («Նեքսթեր Սիսթեմս») ընկերության հետ պայմանագիր է կնքել, որով վերջինս ստանձնելու է ֆրանսիական զինուժի CAESAR ինքնագնաց հաուբիցների սպասարկման պարտականությունը։
Պայմանագիրը կնքվել է 9 տարվա համար, իսկ արժեքը կազմել է շուրջ 132 մլն ԱՄՆ դոլար։ Այս մասին «Ջեյնս» ռազմական հանդեսին է հայտնել Nexter Systems ընկերության խոսնակը։
Ներկայում Ֆրանսիայի զինված ուժերի սպառազինությունում կա 77 միավոր 155 մմ CAESAR հրետանային համակարգ, որոնցից առաջինը ստացվել է 2004 թվականին։Ֆրանսիայի զինված ուժերն այս հաուբիցները կիրառում է Աֆղանստանում, Լիբանանում և Մալիում։
Սպասվում է, որ 2017 թվականին Ֆրանսիան ձեռք կբերի CAESAR-ի նոր խմբաքանակ։
Նշենք, որ ֆրանսիական «Նեքսթեր» (նախկինում՝ GIAT) ընկերությունը սկսել է CAESAR (CAmion Equipé d’un Système d’ARtillerie) ինքնագնաց հրետանային հրանոթների ստեղծման աշխատանքները 1990-ականների կեսերին, իսկ պաշտոնապես ներկայացրել է 2007 թվականին։ CAESAR-ի հեռահարությունը կազմում է շուրջ 42 կմ։
Բացի Ֆրանսիայի զինված ուժերից, CAESAR հաուբիցներ ունեն նաև Սաուդյան Արաբիան և Թաիլանդը։