Առաջիկա երկու տարվա ընթացքում Ղազախստանի զինված ուժերը նախատեսել են համալրել պայմանագրային հիմունքներով։ Ղազախստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Սակեն Ժասուզակովը նշել է, որ հնարավոր է 2016 թվականին բանակի 99 տոկոսը կազմված լինի պայմանագրային զինծառայողներով։ Այս մասին հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
Գերատեսչության մամուլի ծառայությունը տեղեկացնում է նաև, որ այժմ բանակի 65 տոկոսը համալրվում է պայմանագրային հիմունքներով, իսկ մյուս հատվածը՝ պարտադիր ժամկետային զինծառայողներով։
Հայտարարության մեջ մասնավորապես նշված է, որ զինված ուժերում պարտադիր ժամկետային զինծառայության մնացել է դեռևս 12 հազար զինծառայող, որից 6 հազարը կզորացրվեն աշնանը և 1,5 հազար էլ կզորակոչվեն, իսկ 2014 թվականի գարնանային զորակոչի ժամանակ նույնպես կզորացրվi 6 հազար զինծառայող, որոնց փոխարեն կզորակոչվեն ևս 1,5 հազարը։ Այս 1,5 հազար զինծառայողների թիվն էլ ժամանակի ընթացքում նույնպես կնվազեցվի և կհասցրվի 500 մարդու։
Բացի այդ, այն նորակոչիկները, ովքեր բարձրագույն կրթություն ունեն, հնարավորություն կստանան պայմանագրային զինծառայության անցնել զորակոչից կես տարի անց, իսկ մյուսները՝ 1 տարի անց։
Տեղեկացնենք, որ նախատեսվում է նաև սերժանտների համար ակադեմիա կամ բուհ բացել։ Իսկ 8 տարի անց սերժանտներն ու սպաները հնարավորություն կստանան պաշտպանության նախարարության հաշվին սովորել արտասահմանյան բուհերում։