Գաբալայի ՌՏԿ-ն հնարավոր է քանդեն

Հոկտեմբերի 5-ին Ադրբեջանի Գաբալայի ռադիոտեղորոշման կայանից ՌԴ զինծառայողները վերջնականապես հեռացան։ Այժմ Ադրբեջանում քննարկում են կայանի հետագա ճակատագիրը։

Ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարով

Ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարով

Ադրբեջանի ռազմական փորձագետներից մեկը՝ Ուզեիր Ջաֆարովը, հոկտեմբերի 8-ին կարծիք է հայտնել թեմայի առնչությամբ։ «Հավանաբար Գաբալայի ռադիոտեղորոշման կայանը քանդեն։ Այն արդեն ոչ մի արժեք չունի։ Բացի այդ, մենք չունենք ո´չ նյութական, ո´չ մարդկային պահանջվող ռեսուրսներ կայանը գործի դնելու համար»,_շեշտել է փորձագետը։

Հիշեցնենք, որ «Գաբալա ՌՏԿ-ի կարգավիճակի, օգտագործման պայմանների ու սկզբունքների վերաբերյալ Ադրբեջանի ու ՌԴ կառավարությունների միջև համաձայնագիրը» կնքվել է 2002-ին։ Սկսած 2012-ի դեկտեմբերի 10-ից՝ ՌԴ-ն դադարեցրել է կայանի շահագործումը, քանի որ Ադրբեջանը պահանջել է չափից դուրս մեծ գումար վարձակալության դիմաց. նախկինում 14 մլն ԱՄՆ դոլարի փոխարեն 300 մլն դոլար։

Գաբալայի ՌՏԿ-ն գործարկվել է 1985-ին, իսկ շինարարությունը սկսվել էր դեռևս 1976-ին։ Կայանը նախատեսված է Ասիայից և Հնդկական օվկիանոսի ավազանից արձակվող բալիստիկ հրթիռները հայտնաբերելու, ինչպես նաև հարավային հատվածի տիեզերական օբյեկտներին հետևելու համար: Կայանը հնարավորություն ունի հայտնաբերելու 300-ից 7200 կմ հեռավորության վրա գտնվող թիրախները:

ԽՍՀՄ փլուզումից հետո ՌՏԿ-ն գործում էր առանց իրավաբանական ձևակերպումների, և Ադրբեջանն անընդհատ պահանջում էր վճարել կայանի վարձակալության դիմաց՝ հակառակ դեպքում սպառնալով դադարեցնել դրա շահագործումը:

Հավելենք, որ Գաբալա ՌՏԿ-ի փոխարեն ՌԴ-ն ցանկանում է կիրառել Կրասնոդարի շրջանի Արմավիր քաղաքի «Վորոնեժ» տիպի ռադիոտեղորոշման կայանը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *