Հայ-ադրբեջանական սահմանային դիրքում զինծառայողը մահացու վիրավորում է ստացել: Իրանի շուրջ իրավիճակը լարված է մնում. օրվա ամփոփում

Հայ-ադրբեջանական սահմանային դիրքում զինծառայողը մահացու վիրավորում է ստացել: Իրանի՝ միջուկային ծրագրի շուրջ լարվածության ֆոնին քննարկվելիք թեմա է դառնում տարածաշրջանի պետությունների դիրքորոշումն ու պահվածքը: Իսկ աշխարհի մի շարք երկրներում հայերը շարունակում են տոնել ՀՀ ԶՈՒ հիմնադրման 20-ամյակը:

  • Փետրվարի 2-ին ժամը 17.00-ի սահմանում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային (Հորադիզ) պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում հրազենային մահացու վիրավորում է ստացել Ստեփանակերտի զինկոմիսարիատից զորակոչված ՊԲ ժամկետային զինծառայող, 1992թ. ծնվածԿառլեն Կարոյի Բաղդասարյանը: Դեպքից անմիջապես հետո, զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին վիրավորը մահացել է:  Միջադեպի հետ կապված մանրամասները ճշտելու համար տարվում է քննություն: Հայտնում է ԼՂ-ի ՊԲ մամլո ծառայությունը:
  • ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունում փետրվարի 1-ին տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում` նվիրված ՀՀ ԶՈՒ 20-րդ տարեդարձին: ՀՀ ԶՈՒ-ին իր բարեմաղթանքներն է հղել ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Կարլ Հորսթը:
  • «Իրանի դեմ պատերազմ սկսվելու դեպքում Բաքուն հնարավորություն կունենա ակնկալելու, որ կարող է ինչ-որ ժամանակ լուրջ առավելությունների հասնել Լեռնային Ղարաբաղի ճակատային գծում եւ գերիշխող դիրք գրավել»,- տեսակետ է հայտնել ՌԳԱ Արեւելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի, Կովկասի եւ Ուրալա-Պովոլժիեի հետազոտման կենտրոնի Հյուսիսային Կովկասի աշխատանքային խմբի համակարգող Ալեքսանդր Սկակովը:
  • «Շփման գծում լարվածության առկայությանը նպաստում է տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին, ինչն էլ բերում է լարվածության: Իսկ պատերազմի հավանականությունը կմեծանա այն դեպքում, երբ ուժերի միջև հավասարակշռությունը կխախտվի: Ներկայումս այդ բալանսը պահպանվում»,-ասել է ռազմական փորձագետ Սամվել Պետրոսյանը :
  • Սեյրան Օհանյանը փետրվարի 2-4-ը Բելգիայի թագավորությունում կմասնակցի ՆԱՏՕ-ի՝ Աֆղանստանում եւ Կոսովոյում անվտանգության աջակցության միջազգային ուժերի գործողությանը մասնակցող երկրների պաշտպանության նախարարների ձեւաչափերով նիստերին:

 Միջազգային լուրերը հայկական մամուլում

  1. Մերձավոր Արևելքում կարող են սկսվել սուննիների ու շիաների զանգվածային բախումներ: Դա կարող է հանգեցնել տարածաշրջանային  լայնամասշտաբ պատերազմի, որի մի կողմում կգտնվեն Իրանը, Սիրիան և «Հըզբոլլահ»-ը, իսկ մյուս կողմում՝ Թուրքիան, Կատարը, Սաուդյան Արաբիան և այլ արաբական երկրներ:
  2. «ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան կարծում է, որ Իրանի միջուկային օբյեկտների ուղղությամբ Իսրայելը, հավանաբար, հարված կհասցնի ապրիլին, մայիսին, կամ հունիսին»,-գրում է ամերիկյան The WashingtonPost պարբերականի սյունակագիր Դեյվիդ Իգնատիուսը:
  3. Մեծ Բրիտանիայի փոխվարչապետՆիկ Քլեգը մտավախություն է հայտնել՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի վրա ռազմական հարվածի հավանականությունից: Նա նշել է, որ Բրիտանիան ունի «շատ կոշտ, բայց ոչ ռազմական մեթոդներ՝ Իրանի վրա ազդելու համար»:
  4. Ճապոնիան ԱՄՆ-ին խնդրել է իրեն ազատել Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների մի մասից: Խոսքը՝ իրանական նավթի մատակարարումների, ինչպես նաև՝ Իրանի Կենտրոնական բանկի հետ ճապոնական բանկերի ֆինանսական օպերացիաների մասին է:
  5. Չինաստանի իշխող կուսակցությանը պատկանող թերթը քննադատել է Իրանի դեմ ուղղված պատժամիջոցները: Քննադատությունը հրապարակվել է Գերմանիայի կանցլերի և Չինաստանի նախագահի հանդիպումից հետո, որի նպատակն էր Չինաստանին ստիպել ճնշում սկսել Իրանի դեմ` վերջինիս միջուկային զենքի հնարավոր զարգացումը կանխելու համար:
  6. «Եթե չլիներ Իրանին զենք վաճառելու վրա դրված արգելքը, մեր բանակն ուժեղ չէր լինի: Եթե երկրի միջուկային ծրագրի հետ կապված հարցեր չլինեին, մենք ուրան չէինք հարստացնի: Պատժամիջոցները մեզ օգնում են բացահայտել մեր ներքին ներուժը, և մենք զարգանալու ենք»,- հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին՝ հավելելով, որ ԱՄՆ-ն փլուզվելու է այնպես, ինչպես ԽՍՀՄ-ը:
  7. Աֆղանստանի վրայով Ֆրանսիա վերադարձող երկու ֆրանսիական ռազմական բեռնատար օդանավերը, թույլտվություն չստանալով մտնել Թուրքիայի օդային տարածք, ստիպված են եղել շրջանցել այն և այլ երկրների օդային տարածքով վերադառնալ Ֆրանսիա: Հիշեցնենք, որ այդ երկու երկրների միջև անհամաձայնությունները սկիզբ առան՝ Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը քրեականացնող նախագծի ընդունումից հետո:
  8. Ռուսաստանը պատրաստ է համաձայնագիր ստորագրել Ուլյանովսկում փոխաբեռնման կետ ստեղծելու վերաբերյալ`  Աֆղանստանից Եվրոպա ՆԱՏՕ-ի բեռների տարանցման նպատակով:
  9. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ՄԱԿ ԱԽ հարցում է ուղարկել՝ 5700 խաղաղապահների Սոմալի գործուղելու մասին: Ներկայումս Սոմալիում են Աֆրիկյան միության 12 հազար խաղաղապահները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *