«Իսրայելը պատրաստ է հարվածել Իրանին». Իսրայելի ՊՆ

Իսրայելն արդեն իսկ պատրաստ է  հարվածել Իրանին, եթե պարզվի, որ պատժամիջոցները չեն գործում: Նման հայտարարություն է արել Իսրայելի Պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը, իսկ Իրանն այդ ընթացքում ավելացնում է արբանյակների թիվը և մեծացնում պաշտպանական բյուջեն:

«Եթե պատժամիջոցները չկանգնեցնեն ատոմային ծրագիրը՝ անհրաժեշտ կլինի քննարկել ռազմական միջոցներին դիմելու հարցը»,- ասել է Բարաքը՝ հավելելով, որ Իրանը մոտենում է այն շեմին, երբ ռազմական գործողության հետաձգումը անարդյունավետ կլինի:

«Ատոմային տերություն Իրանի հետ ավելի դժվար և վտանգավոր կլինի գործ ունենալը, քան նրան այսօր կանգնեցնելը»,- հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարարը:

Սակայն, Իրանն այդ ընթացքում ավելացնում է իր արբանյակների քանակը՝ հասցնելով երեքի: Այսօր՝ Իրանի իսլամական հեղափոխության 33-րդ տարեդարձի առթիվ ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հրանգով տիեզերք է արձակվել իրանական արտադրության «Նավիդ» (Ավետիս) արբանյակը:

Դեռ երեկ Ահմադինեժադը հայտնել էր, որ պատրաստվում է հաջորդ ֆինանսական տարում(2012թ. մարտից) մեծացնել Իսլամական հանրապետության պաշտպանական բյուջեն: Իրանական ԻՍՆԱ գործակալության հաղորդմամբ` երկրի տարեկան բյուջեն կազմում է մոտավորապես 415 միլիարդ դոլար, ընդ որում` 2012-2013 թվականների համար պաշտպանության ոլորտի բյուջեն ավելացել է 127 տոկոսով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *