Ադրբեջանում կրկին սկանդալ է հասունանում ԳՇ պետի ազգության և անվան շուրջ

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, ադրբեջանական լրատվակայքերը հրապարակել են Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Նաջմեդդին Սադիգովի անունը կրող դաղստանյան փողոցներից մեկի լուսանկարները, որտեղ ցուցանակում նշված է Սադիգովի անունը։

«Մեզ տեղեկություններ են հասել, որ Դաղստանում՝ Դերբենդում, Նաջմեդդին Սադիգովի անվամբ փողոց անվանակոչելու կապակցությամբ հանդիսավոր արարողություն է կազմակերպվել, որին ԳՇ պետը ներկա է եղել»,_գրում է ադրբեջանական լրատվակայքերից մեկը։

 

Դաղստանի՝ Նաջմեդին Սադիգովի անվան փողոցը

Հիշեցնենք, որ այս սկանդալն իրականում հին պատմություն ունի։ Ադրբեջանում մեծ աղմուկ բարձրացավ դեռևս 2011-ին, երբ Սադիգովին շնորհեցին Դաղստանի ազգային հերոսի կոչում, ապա Դերբենդի կենտրոնական փողոցներից մեկն անվանեցին նրա անունով, կիսանդրին տեղադրեցին այն դպրոցի մոտ, որտեղ Սադիգովը սովորել էր, ինչպես նաև Սադիգովի անվանական կրթաթոշակ սահմանեցին դպրոցի լավագույն աշակերտի համար։ Ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովն այդ ժամանակ հայտարարել էր՝ եթե տեղեկությունը հաստատվի, ապա ԳՇ պետը պետք է անհապաղ հրաժարական տա: Ռազմական հետազոտությունների մեկ այլ կենտրոնի տնօրեն, գնդապետ Իլդրիմ Մամեդովն էլ ասել էր՝ Սադիգովի՝ Դաղստան կատարած այցերը հայտնի են բոլորին։ ԳՇ պետն այդպես էլ որևէ կերպ չմեկնաբանեց տեղի ունեցածը։

Նաջմեդդին Սադիգովը ծնվել է 1956-ին Դաղստանի Դերբենդ քաղաքում: 1993-ի նոյեմբեր 2-ից Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետ է։ Նա ազգությամբ լեզգին է, ինչը ևս քննարկումների առիթ է դարձել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *