Վոլոդյա Ավետիսյանը դեռևս գործի նյութերին չի ծանոթացել. փաստաբան

Վոլոդյա Ավետիսյանի կալանավորումից հետո քննչական ոչ մի գործողություն չի իրականացվել, գործի նյութերին դեռ չի ծանոթացել, փորձաքննություն չի եղել։ Այս մասին Ռազմինֆոյի հետ զրույցում ասաց «Ազատամարտիկների խորհրդի» համակարգող Վոլոդյա Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանը։

Ըստ փաստաբանի՝ մոտ օրերս վերաքննիչ դատարանը կնշանակի դատական նիստի օրը։

Ռազմինֆոն հետաքրքրվեց նաև նրանով, որ վերջերս ազատամարտիկները փորձել են գտնել կաշառք տվող Հ. Զաքարյանին, բայց, ըստ տեղեկությունների, չի ստացվել։

«Ուշ թե շուտ քննչական մարմինը ներկայացնելու է այդ մարդուն, վերջապես նա կկանգնի Վոլոդյայի մոտ, և մենք կկարողանանք նրան մեր հարցերը տալ»,-նշեց Արա Զաքարյանը։

Ռազմինֆոն փորձեց ճշտել նաև, թե ինչպես է Ավետիսյանի վիճակը և տրամադրվածությունը։ Զաքարյանը հավաստիացրեց, որ նա լավ է և չի պատրաստվում դադարեցնել իր պայքարը։

Նշենք, որ Ավետիսյանը Զաքարյանի միջոցով կարողանում է հայտարարություններ տարածել։
«Վոլոդյա Ավետիսյանը չի ընդունում իր մեղքը և իր նկատմամբ հետապնդումը համարում է ապօրինի։ Ավետիսյանը վստահ է, որ իր նկատմամբ գործ է հարուցվել, քանի որ ինքը բարձրացրել է սոցիալական խնդիրներ և վտանգ կար, որ կարող էր քաղաքական հարցերի անդրադառնալ»,- հավելեց Զաքարյանը։

Ըստ Զաքարյանի՝ ազատամարտիկների ստորագրահավաքը դեռևս շարունակվում է։

Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանին ձերբակալել են ՀՀ քրեական օրենսգրք 178 հոդ. 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով /խարդախություն՝ խոշոր չափերով։ ՊՆ քննչական ծառայության տվյալների՝ Ավետիսյանը, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով քաղ. Հ.Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով, Հ.Զաքարյանից հափշտակել է 2000 ԱՄՆ դոլար գումար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *