Բոլիվիան 6 միավոր Super Puma ուղղաթիռ է պատվիրել

Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը և իր ֆրանսիացի պաշտոնակից Ֆրանսուա Օլանդը պայմանավորվել են բոլիվիական զինված ուժերին 6 միավոր բազմաթիրախային AS332 Super Puma ուղղաթիռ տրամադրելու վերաբերյալ։

AS332 Super Puma ուղղաթիռ

AS332 Super Puma ուղղաթիռ

«Ջեյնս» վերլուծական պարբերականը հաղորդում է, որ ըստ կնքված համաձայնագրի՝ 2014-ի կեսերին ուղղաթիռներից առաջին երկուսը կփոխադրվեն ստացող կողմին, իսկ տարվա վերջում կտրամադրվեն վերջին երկուսը։
Բոլիվիայի իշխանությունները մտադիր են կիրառել նոր ուղղաթիռներն ապօրինի թմրաբիզնեսի դեմ պայքարում, ինչպես նաև միացյալ բոլիվիաբրազիլական մարտավարական խմբավորման զինծառայողների տեղափոխման համար։ Ներկա դրությամբ այս խնդիրների համար օգտագործում են հնացած բազմաթիրախային UH-1H Iroquois ուղղաթիռները։
Դեռևս հայտնի չէ, թե նոր ուղղաթիռները բոլիվիական զինված ուժերի որ ստորաբաժանումներն են կիրառելու։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մորալեսը հայտարարել էր Բոլիվիայի ԶՈւ ավիատեխնիկան թարմացնելու մտադրության մասին։ 2012-ին Բոլիվիայում կազմավորվել է ռազմական ավիացիա, որի սպառազինությունը համալրելու նպատակով ծրագրվում է ձեռք բերել չինական արտադրության 6 միավոր Z-9 (H425) ուղղաթիռ։
2013-ի հուլիսին Բոլիվիայի պաշտպանության նախարար Ռուբեն Սաավեդրան հայտարարել էր, որ մտադիր են ՌԴ-ից գնել 2 միավոր Մի-7 բազմաթիրախային ուղղաթիռ, քանի որ ուղղաթիռների խիստ կարիք ունեն զինված ուժերում։
Հավելենք, որ Super Puma ուղղաթիռները ֆրանսիական արտադրության են, առաջին թռիչքը կայացել է 1978-ին, իսկ 1980-ից մեկնարկել է սերիական արտադրությունը։ Ունի 16,9 մ երկարություն, բարձրությունը՝ 4,80 մ, քաշը՝ 4500 կգ, արագությունը՝ 262 կմ/ժ։ Ուղղաթիռի գնորդների թվում են Արգենտինան, Բոլիվիան,Բրազիլիան, Չինաստանը և այլ երկրներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *