Սիրիայում է քիմիական զենքի ոչնչացման հարցով կազմավորված միջազգային խումբը

Հոկտեմբերի 1-ին Սիրիա է ժամանել քիմիական զենքի ոչնչացման համար կազմավորված միջազգային խումբը։ Խմբում 20 հոգի են։ Նրանք գույքագրելու են զանգվածային խոցման զենքի պաշարները, որը հետագայում ոչնչացվելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևի շրջանակներում։ Այս մասին տեղեկացնում է «Ֆրանս-Պրեսս» լրատվական գործակալությունը։

Սիրիա՝ Հոմս

Սիրիա՝ Հոմս

AP-ի հաղորդմամբ՝ փորձագետները Սիրիա են անցել Լիբանանի կողմից և շարժվում են դեպի Դամասկոս, որտեղ նախատեսված է հանդիպում Սիրիայի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչների հետ։

Ընթացիկ շաբաթվա ընթացքում Սիրիա է ժամանելու փորձագետների երկրորդ խումբը։

BBC News-ի տվյալներով՝ Սիրիայի ԱԳՆ նախարար Վալիդ Մուալլեմը անդրադարձել է փորձագետներին սպասվող դժվարություններին։ Ըստ նրա՝ քիմիական զենքի 19 պահեստներից 7-ը («Ֆրանս-Պրեսս» գործակալության տվյալներով Սիրիայում քիմիական զենքի 45 պահեստ կա)գտնվում է մարտական գործողությունների հատվածում։ Եվ որպեսզի միջազգային փորձագետները կարողանան հասնել այդ պահեստներին, ամենայն հավանականությամբ, հակամարտող կողմերից կպահանջվի ժամանակավորապես դադարեցնել կրակը։

Նախատեսված է, որ Սիրիայի կառավարությունը պետք է ոչնչացնի քիմիական զենքի պաշարները մինչև 2014 թվականի կեսերը։ Ոչնչացման առաջին փուլում նախատեսվում է վերացնել այն բոլոր սարքավորումները, որոնցով արտադրվում է զենքը։ Հաջորդ փուլերում զենքը պետք է դուրս հանվի երկրի սահմաններից և ոչնչացվի, իսկ մնացած հատվածը չեզոքացվի միջազգային փորձագետների վերահսկողությամբ։

Սեպտեմբերին Սիրիայի կառավարությունը ՄԱԿ-ին է հանձնել իր քիմիական զենքի զինանոցների ցուցակը։ Հիմա փորձագետները պետք է այցելեն այդ տարածքներ։ Ըստ հայտարարված տվյալների՝ Սիրիան ունի ավելի քան հազար տոննա քիմիական զենք, որը կարող է օգտագործել ռազմական նպատակների համար։

Նշենք, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ընդունել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի՝ զենքի ոչնչացման առաջարկը։ Հակառակ դեպքում ԱՄՆ-ի և իր դաշնակիցների ռազմական միջամտությունը հավանականությունը ավելի կմեծանար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *