ՀԿ-ն հայտնել է Վրաստանում 330 զինծառայողի սննդային թունավորման մասին

Ըստ վրացական «Երիտասարդ փաստաբաններ» հասարակական կազմակերպության տվյալների՝ սեպտեմբերի 16-ից 22-ը Վրաստանի մի շարք զորամասերում արձանագրվել է 330 զինծառայողի սննդային թունավորման դեպք։

Թե որ սննդամթերքն է թունավորման պատճառ հանդիսացել, չի նշվում։ ՀԿ նախագահ Արչիլ Կաիկացիշվիլին կոչ է արել պաշտպանության նախարարին լուծում տալ այս խնդրին՝ միաժամանակ հույս հայտնելով, որ Վրաստանի պաշտպանության նախարարությունը չի թաքցնի փաստերը։

Դրան ի պատասխան ՊՆ հանրային կապերի ծառայության ղեկավար Լևան Ջորբենաձեն հայտնել է, որ պաշտպանության նախարարությունը այդ հարցով մեկնաբանություններ չի տալիս, իսկ «Երիտասարդ փաստաբաններին» խորհուրդ է տվել մինչև տեղեկատվության տարածումը ստուգել դրանց իսկությունը։

Նշենք, որ 2013-ի հուլիսի 31-ին «Երիտասարդ փաստաբանները» կրկին հայտարարել էին Վրաստանում 52 զինծառայողի թունավորման մասին, ինչը հետագայում հերքվեց պաշտպանության նախարարության կողմից։

Հավելենք, որ վրացական «Երիտասարադ փաստաբաններ» հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 2012-ի մայիսի 25-ին։ Կազմակերպության նպատակներն են Վրաստանում ժողովրդավարության զարգացումը, քաղաքացիների իրավագիտակցության բարձրացումը, արդարադատության ապահովումը և այլն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *