Հարավկորեական «Hyundai Rotem» ընկերությունը Պերուի ցամաքային զորքերի հրամանատարությանն առաջարկել է K2 Black Panther հիմնական մարտական տանկեր։ Առաջարկը արվել է Պերուի ցամաքային զորքերի արդիականացման ծրագրի շրջանակներում։
Ներկայումս Պերուի զինված ուժերում սպառազինության մեջ կա շուրջ 250 միավոր Տ-55 խորհրդային տանկ։ Հարավկորեական K2 տանկը նախագծվել է 2006-ին։
Տանկի սերիական արտադրությունը նախատեսվում է սկսել 2014-ին, իսկ մինչ այդ արդեն բավական տեղեկություններ կան տանկի մասին։ Այն զինված է 120 մմ հարթափող թնդանոթով, մեկական 12,7 մմ և 7,62 մմ գնդացիրներով, ինչպես նաև «կրակիր ու մոռացիր» տիպի KSTAM հակատանկային հրթիռներով։ Վերջիններս իրենք են հայտնաբերում թիրախն, ու օպերատորը կարիք չունի ղեկավարելու նրանց թռիչքը։
K2 տանկի զանգվածը 55 տոննա է, առավելագույն արագությունը՝ 70 կմ/ժ, անձնակազմը՝ 3 հոգի։ Տանկի արժեքը ներկայումս գնահատվում է շուրջ 8,5 մլն ԱՄՆ դոլար, սակայն ենթադրվում է, որ սերիական արտադրության դրվելուց հետո նրա գինը զգալիորեն կիջնի։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Պերուի ցամաքային զորքերի հրամանատարությանը ներկայացվել էր նաև ռուսական Տ-90Ս հիմնական մարտական տանկը։