Թուրքական «Ազգային նավի» մրցույթը վերջնականապես չեղյալ հայտարարվեց

Թուրքիայի ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստի ժամանակ որոշվել է վերջնականապես չեղյալ հայտարարել «Ազգային նավ» նախագծի երրորդ և չորրորդ նավերի արտադրության մրցույթի արդյունքներն ու նոր մրցույթ անցկացնել։

ՄԻԼԳԵՄ նախագծի Հեյբելիադա կորվետը

ՄԻԼԳԵՄ նախագծի Հեյբելիադա կորվետը

MILGEM (Milli Gemi, «Ազգային նավ») ծրագրով նախատեսվում է Թուրքիայում ստեղծել 5 միավոր կորվետներ: Ներկայում արդեն պատրաստ է դրանցից 2-ը։
Երրորդ և չորրորդ կորվետների համար Թուրքիայի զինված ուժերի՝ մայիսին հայտարարած մրցույթին մասնակցում էին միայն երկու ընկերություն՝ «Քոչ» հոլդինգին պատկանող RMK Marine և Dearsan ընկերությունները։

Հաղթող էր ճանաչվել RMK Marine-ը, սակայն Dearsan-ը բողոքել էր ոչ մրցակցային պայմաններից և Թուրքիայի վարչապետի վերահսկողական պալատը չեղյալ էր հայտարարել մրցույթը։
Այսպիսով, Թուրքիայի ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստի ժամանակ վերհաստատվել է մրցույթը չեղյալ հայտարարելու և նոր տենդեր հայտարարելու փաստը։

Նշենք, որ սեպտեմբերի 26-ին կայացել է Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ և երկրի պաշտպանության նախարարի, գլխավոր շտաբի պետի և ռազմարդյունաբերական քարտուղարության ղեկավարի մասնակցությամբ ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստը։
Նիստի ժամանակ, բացի «Ազգային նավ» ծրագրի հարցերից, քննարկվել է նաև թուրքական «Հյուրքուշ» ինքնաթիռներ գնելու հարցը, որոշում է կայացվել ձեռք բերել չինական CPMIEC ընկերության առաջարկած մեծ հեռավորության զենիթահրթիռային համակարգերը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *