ՌԴ Կրասնոդարի երկրամասում ռուսական ռազմաօդային ուժերի Սու-25 գրոհիչի վայր ընկնելու վայրում հայտնաբերվել է օդաչուի դին։ Հայտնի է դարձել նաև, որ ինքնաթիռում զինամթերք չի եղել։
Այս մասին սեպտեմբերի 24-ին տեղեկացրել է ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը՝ հղում կատարելով իրավապահ մարմիններում իր աղբյուրներին։
Նախօրեին տարածված ՌԴ ՊՆ պաշտոնական հաղորդագրությունում նշվում էր, թե օդաչուն կարողացել է ինքնանետիչին (կատապուլտ) դիմել և հնարավոր է՝ փրկվել է։ Նրան հայտնաբերելու համար փրկարարաորոնողական աշխատանքներ էին սկսվել։
Նշենք, որ ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի ՌՕՈւ և ՀՕՊ զորքերի Սու-25-ն ուսումնական թռիչք էր կատարում, երբ սեպտեմբերի 23-ին տեղի ժամանակով 20։40-ի սահմաններում (երևանյան ժամանակով՝ 21։40) կորցրել է կապն ու դեռևս անհայտ պատճառներով վայր ընկել: Ցամաքում զոհեր և ավերածություններ չեն գրանցվել:
Սու-25 գրոհիչները սպառազինությունում են 1975 թվականից: Այն համարվում է ՌԴ զինված ուժերի հիմնական գրոհիչ ինքնաթիռը: