Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում սեպտեմբերի 23-ին Սու-25 գրոհիչ է վայր ընկել: Դեպքից հետո ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգում ժամանակավորապես դադարեցվել են Սու-25 ինքնաթիռների թռիչքները, փոխանցում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:
Սու-25-ի օդաչուին, ով կատապուլտից է օգտվել, դեռ չի հաջողվել հայտնաբերել. որոնողական աշխատանքները շարունակվում են, ինչը բարդանում է մթության պատճառով:
Սու-25-ն ուսումնական թռիչք էր կատարում, երբ դեռ անհայտ պատճառներով վայր է ընկել: Օդաչուն կարողացել է ինքնաթիռը հեռացնել բնակելի տարածքներից, ապա լքել է այն: Ցամաքում զոհեր և ավերածություններ չեն գրանցվել:
Նշենք, որ Սու-25 գրոհիչները սպառազինությունում են 1975 թվականից: Այն համարվում է ՌԴ զինված ուժերի հիմնական գրոհիչ ինքնաթիռը: