Քենիայի առևտրի կենտրոնի պատանդներին ազատել են. ահաբեկիչների շարքում ամերիկացիներ կային

Սեպտեմբերի 24-ին Քենիայի ՆԳՆ ղեկավարը հայտարարել է, որ ահաբեկիչների կողմից առևտրի կենտրոնում պահվող բոլոր պատանդներին արդեն իսկ ազատել են։

Լուսանկար՝ առևտրի կենտրոնի գրոհի ժամանակ

Լուսանկար՝ առևտրի կենտրոնի գրոհի ժամանակ

Ըստ AFP լրատվական գործակալության տվյալների՝ հատուկ նշանակության ծառայությունների գործողություններն առևտրի կենտրոնում մոտենում են ավարտին։

Սեպտեմբերի 23-ին հայտնի է դարձել նաև, որ Նայրոբիի առևտրի կենտրոնում խաղաղ բնակիչներին պատանդ վերցրած ահաբեկիչների շարքում «2 կամ 3 ամերիկացիներ կան»։

Այս մասին ամերիկյան հեռուստաընկերություններից մեկի եթերում հայտարարել է Քենիայի արտգործնախարար Ամին Մոհամեդը։ Ընդ որում, նրա խոսքերով՝ «ամերիկացիները 18-19 տարեկան երիտասարդներ են, որոնք Սոմալիից կամ արաբական երկրներից են տեղափոխվել այդ երկիր»։

ԱՄՆ պետդեպարտամենտն իր հերթին մեկնաբանել է, որ դեռևս պաշտոնական հաստատում չի ստացել տեղեկության իսկության վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Քենիայի ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումները սեպտեմբերի 23-ի վաղ առավոտյան սկսել էին Նայրոբիում զինյալների կողմից գրավված առևտրի կենտրոնի մի հատվածի գրոհը։

Քենիայի իրավապահ մարմիններին օգնության էին եկել նաև Իսրայելի հատուկ նշանակության ստորաբաժանումները, որոնք, ըստ նախնական տեղեկության, անմիջական մասնակցություն չեն ունեցել պատանդների ազատմանը, աջակցել են՝ որպես խորհրդատու։ Իսրայելի միջամտությունը կապված էր թերևս այն հանգամանքի հետ, որ առևտրի կենտրոնը պատկանում է իսրայելցի գործարարներին։

Նախնական տվյալներով՝ ահաբեկիչների հարձակման զոհ է դարձել 68 հոգի, վիրավորվել՝ 300-ը, այդ թվում՝ այլ երկրների քաղաքացիներ։
Սպանվածների շարքում են նաև Քենիայի նախագահի ընտանիքի անդամները։

Հարձակումը երկրին վնաս էր ոչ միայն մեծ թվով զոհերի, այլև դրանց շարքում այլ երկրների քաղաքացիների առկայության պատճառով, քանի որ Քենիայի տնտեսությունը կախված է զբոսաշրջությունից, իսկ այս ահաբեկչական գործողություններից հետո առաջիկայում դժվար թե զբոսաշրջությունը եկամտաբեր լինի։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *