General Dynamics Land Systems (GDLS) ընկերությանը վճարվել է 187,5 մլն ԱՄՆ դոլար՝ 44 միավոր M1A1 և 40 միավոր M1A2 Abrams հիմնական մարտական տանկերն արդիականացնելու համար։ Դրանք պետք է հասցվեն M1A2S տիպի՝ Սաուդյան Արաբիային տրամադրելու նպատակով։ Պայմանագիրը կնքել է ԱՄՆ ԶՈւ-ն Սաուդյան Արաբիայի թագավորության զինված ուժերի համար։
Նոր պայմանագրի համաձայն՝ շարունակվելու են դեռ 2008 թվականին սկսված աշխատանքները։ M1A2S աստիճանի արդիականացումը բարձրացնում է տանկերի արդյունավետությունն ու նոր հնարավորություններ ընձեռում, տեղեկացնում է «Ջեյնս» ռազմական հանդեսը։
M1 Abrams հիմնական մարտական տանկերը ծառայության մեջ են 1980 թվականից։ Տանկերի արտադրությամբ զբաղվում է ամերիկյան General Dynamics Lans Systems ընկերությունը։
Տանկն ունի 120 մմ հարթափող թնդանոթ։ Զինված է նաև 7,62 մմ երկու գնդացիրներով, որոնցից մեկը կցված է թնդանոթին, և 12,7 մմ գնդացրով։ Անձնակազմը 4 մարդ է։ Այս տիպի տանկերի արագությունը շուրջ 65 կմ/ժ է։ Մեկ միավորի մոտավոր արժեքը շուրջ 6 մլն ԱՄՆ դոլար է։
Սաուդյան Արաբիայի զինված ուժերի կազմում 300-ից ավել M1A2 Abrams տանկ կա։