«Գռանատ-2» անօդաչու թռչող սարքերի կիրառումը 1,5-2 անգամ կրճատել է ժամանակամիջոցը, որն ընկած է պայմանական հակառակորդի թիրախներ հայտնաբերելու և դրանք ոչնչացնելու միջև։
Նման տվյալներ են գրանցվել Կեմերովի շրջանում ՌԴ Կենտրոնական ռազմական օկրուգի հրետանային զորավարժությունների ժամանակ։
Օկրուգի մամուլի ծառայությունից հայտնում են, որ համազարկային կրակի «Ուրագան» համակարգերի և 150 մմ տրամաչափի «Մստա-Ս» հաուբիցների միջոցով կատարվել է ավելի քան 20 կրակային հանձնարարություն և շուրջ 10 նորմատիվ։ Դրանց շնորհիվ հաստատվել են «Գռանատ-2» ԱԹՍ-ների արդյունավետությունը։
Ըստ աղբյուրի՝ զորավարժությունների արդյունքների հիման վրա մշակվելու են Կենտրոնական ռազմական օկրուգի, ինչպես նաև այլ հրետանային ստորաբաժանումների շտաբերի համար նախատեսված հանձնարարականներ՝ ԱԹՍ-ները կրակային հարվածների դեպքում կիրառելու։
Վերոհիշյալ զորավարժությանը մասնակցել է ավելի քան 500 զինծառայող և 100 միավոր հրետանային սպառազինություն և հատուկ տեխնիկա։
Հավելենք, որ «Մստա-Ս»-ը ռուսական արտադրության ԻԻՀ է, տրամադրվել է խորհրդային զինված ուժերին 1989-ին։ 2Ս19 «Մստա-Ս» ԻԻՀ-ն ստեղծվել է՝ ԶՈւ-ում 2Ս3 «Ակացիա» հաուբիցները փոխարինելու նպատակով։ Ընթանում է առավելագույնը 60 կմ/ժ արագությամբ, բացի 152,4 մմ տրամաչափի հրանոթից ունի նաև գնդացիրներ։ 2012-ին տեղեկություններ էին տարածվել, որ ՌԴ-ն պատրաստվում է այն արդիականացնել՝ ստեղծելով նոր 2Ս19Մ2 տարբերակը։ Կիրառվում է Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Վենեսուելայում, Հնդկաստանում, Եթովպիայում, Ուկրաինայում։