Ադրբեջանում հարձակվել են զոհված զինծառայողի հարազատների վրա

Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է Շամխորի բանակային կորպուսի Թովուզի շրջանի զորամասերից մեկի` 1994-ին ծնված զինծառայող Ասքերլի Անար Դաղըսթան օղլուի մահվան փաստը։

Ասքերլի Անար Դաղըսթան օղլու

Ասքերլի Անար Դաղըսթան օղլու

Ադրբեջանի ՊՆ-ի պաշտոնական վարկածի համաձայն՝ նա մահացել է իրեն ամրակցված ինքնաձիգից արձակված կրակից։

Պաշտոնական վարկածը կասկածների տեղիք էր տվել, քանի որ մահվանից ժամեր առաջ զինծառայողը պետությունից դժգոհել էր իր սոցցանցային գրառումներում։

Այնուհանդերձ, զինծառայողի հարազատները ևս չեն վստահում պաշտոնական վարկածին։ Դիազննման ժամանակ նրանք նկատել են, որ Ասքերլիի թիակը վնասված է արձակված փամփուշտից։

Զոհվածի ծնողները հայտնել են՝ հնարավոր է, որ իրենց որդուն սպանել է 24-ամյա ծառայակիցը, որը վատ վարքի պատճառով պարբերաբար մի զորամասից մյուսն է տեղափոխվել։ «Մեզ չեն ասում այդ տղայի անունը, մահվանից առաջ որդիս պատմել էր, որ նա Օղուզի շրջանից է, 24 տարեկան է։ Հնարավոր է՝ նա կրակել է արձակել որդուս ուղղությամբ, փամփուշտը խոցել է թիակը, ապա հասել է սրտին»,-վկայել է Ասքերլիի մայրը։

Հայրն էլ իր հերթին խոստովանել է՝ ինքնասպանության վարկածը հերյուրանք է, քանի որ իր որդին ցանկացել է շարունակել զինծառայությունը, դառնալ զինվորական, եղել է մարզական քոլեջի շրջանավարտ։

Զոհված զինծառայողի դին Գանձակի դիահերձարանում տեսել ու քննությանը մասնակցել է Ասքերլիի հորեղբայրը։ Նա հետաքրքիր մանրամասներ է պատմել լրագրողներին։ «Անարի մարմնի վրա կապտուկներ ու ծեծի հետքեր չկան, նրան կրակել են թիկունքից։ Համոզված եմ՝ իր հետ մշտապես վիճաբանող զինվորն է արել։ Ինձ ասացին, որ Անարի դին պետք է տեղափոխվի Բաքու և դրվի ցինկի դագաղում։ Այդպիսով նրանք հնարավորություն կունենային կոծկել սպանության հետքերը։ Մեզ հաջողվեց Անարի դին ինքնուրույն դուրս բերել դիահերձարանից, ճանապարհին մեզ վրա հարձակումներ իրականացվեցին մի քանի անգամ, անհայտ անձանց կողմից»,-հայտարարել է զինծառայողի հորեղբայրը։

Հարազատների խոսքերին պաշտոնական մարմինները դեռևս չեն արձագանքել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *