Նվազագույնը 65 մարդ է զոհվել, շուրջ 40-ը վիրավորվել է այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Եմենի հատուկ ծառայությունների ռազմական ճամբարի մոտ գրանցված պայթյունի հետևանքով։
Պայթյունի կազմակերպիչները զինյալների խմբավորումներն են, որոնք 2 մեքենա են պայթեցրել ճամբարին կից տարածքում, ինչպես նաև հարձակումներ են իրականացրել ռազմական հենակետերի վրա։
Ավելի վաղ երկրի իրավապահ մարմինները հայտնել էին 56 զոհվածի, 20 տուժածի մասին։
AP լրատվական գործակալության տվյալներով՝ ահաբեկչական հարձակումները գրանցվել են Շաբվա գավառում։ Կազմակերպիչներն «ալ Կաիդայի» հետ սերտ առնչություն ունեցող զինյալներն են։ Ըստ որոշ աղբյուրների՝ զոհվածների շարքում 8 ոստիկան կա։
Հիշեցնենք, որ Եմենում 2011-ի իշխանափոխությունից հետո ներքին լարված իրավիճակ է։ Եմենի տարածքում այդ շրջանից ակտիվացել է «ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորման տեղական ճյուղը։
Հավելենք, որ Եմենում Մարիբ շրջանում ամերիկյան անօդաչու սարքերի միջոցով սպանվել է «ալ Կաիդայի» հետ առնչություն ունենալու մեջ կասկածվող 4 անձ, որոնցից մեկն ընդգրկված էր 25 զինյալի անուն ներառող ցուցակում։ Հաշվի առնելով նաև այս հանգամանքը՝ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն օգոստոսի 6-ին հայտարարեց իր դեսպանատան աշխատակազմի տարհանման մասին։ Նման որոշում ընդունեց նաև ԱՄՆ պետքարտուղարությունը։