ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ ՄԱԿ-ի փորձագետների զեկույցը Սիրիայում քիմիական զենքի կիրառման վերաբերյալ հաստատում է «Բաշար Ասադի վարչակազի մեղավորությունը»։
Քերին շարունակում է պնդել, որ Սիրիայի զինյալները քիմիական զենքի պաշար չունեն, ինչպես նաև չունեն հնարավորություն այն պատրաստելու և տեղափոխելու համար։
«Նյարդակաթվածային թունավոր զարին գազի պաշարներ Սիրիայում ունի միայն կառավարությունը»,-հավաստիացրել է ԱՄՆ պետքարտուղարը։
Սակայն, ինչպես և նախորդ հայտարարություններում, նա չի ներկայացրել որևէ ապացույց և հստակ մեջբերումներ չի արել հանրության համար դեռևս անհասանելի, ՄԱԿ փորձագետների զեկույցից։
Իր հերթին, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է. «Մենք բազմիցս լսում էինք Ռուսաստանից ու այլ երկրներից, որ անհրաժեշտ է սպասել ՄԱԿ-ի փորձագետների զեկույցին։ Զեկույցը հաստատում է մեր ունեցած փաստերը։ Նշված զինամթերքի ու հրթիռների տեսակները, դրանց թռիչքի հետագիծը, թունավորող նյութի տեսակը հաստատում են ԱՄՆ-ի ունեցած կասկածները»։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահն ու մի շարք պաշտոնյաներ իրենց ելույթներում մեղադրում են Բաշար Ասադին, խոսում ռազմական միջամտության մտքից հետ չկանգնելու մասին և կոչ անում ՄԱԿ ԱԽ-ին Սիրիայի կառավարությանը պատժամիջոցների օգնությամբ հարկադրել հնարավորինս սուղ ժամկետներում ոչնչացնել քիմիական զենքի պաշարները։ Մինչդեռ, ՄԱԿ-ի փորձագետների պարտավորությունների մեջ, ըստ էության, չի մտնում քիմիական հարձակման մեղավոր կողմին սահմանելը։
Նույն օրը՝ սեպտեմների 18-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես հանդես է եկել հայտարարությամբ։ «Սիրիայում՝ Դամասկոսի մերձակայքում քիմիական զենքի կիրառումն ու դրա մասին լուրերի տարածումը հմուտ, ճարպիկ, խելացի, սակայն միևնույն ժամանակ պարզունակ սադրանք էր։ Վերցրել էին սիրիական բանակում վաղուց արդեն չօգտագործվող, հին սովետական հրթիռ, կցել թունավոր գազ։ Նրանց համար կարևոր էր ցույց տալ, որ հրթիռի վրա գրված է ԽՍՀՄ»։
ՌԴ ԱԳՆ-ն վկայել է, որ պատրաստվում են մոտ ժամանակներս Սիրիայում քիմիական զենքի կիրառման հարցում զինյալների մեղավորության վերաբերյալ իրենց ունեցած բոլոր փաստերը հանձնել ՄԱԿ ԱԽ-ին։
ԱՄՆ-ի և նրա մի շարք դաշնակիցների համար Սիրիային հնարավոր հարված հասցնելուն առիթ է ծառայել օգոստոսի 21-ին Դամասկոսի Ղուտա շրջանում քիմիական զենք կիրառելու վերաբերյալ տեղեկությունները։ Արևմտյան տերությունները քիմիական հարձակման պատասխանատու են համարում Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, սակայն պաշտոնական Դամասկոսը, ինչպես նաև Մոսկվան, հերքում են սիրիական կառավարության մասնակցությանը միջադեպին՝ դրանում մեղադրելով Ասադի հակառակորդ զինյալներին։
Սպառազինություն ունեցող զինյալները մարտնչում են Բաշար Ասադի վարչակազմի դեմ ավելի քան 2 տարի։ Այս ընթացքում, ՄԱԿ-ի գնահատմամբ, սպանվել է շուրջ 100 հազար մարդ, 2 մլն-ից ավելին դարձել են փախստական։