Ադրբեջանի բանակը մեկ ամսում գրանցել է տասնյակ զինծառայողների կորուստ

2013-ի սեպտեմբերի 5-ին հայտնի էր դարձել, որ Նախիջևանի ինքնավար հանրապետության ԶՈւ-ն ոչ մարտական կորուստ է ունեցել։ 25-ամյա զինծառայող Սավեդդինով Իմրան Շոհրեթ օղլուի դին հայտնաբերել են Սահմանապահ պետական ծառայության զորամասերից մեկի մոտ կանգնած բեռնատար մեքենայում։ Մահվան պատճառը դեռևս հայտնի չէ։

Զինվորի մայրը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ ամեն մի հեռախոսազրույցի ժամանակ որդին խնդրում էր իրեն կամ գումար ուղարկել, կամ փորձել տեղափոխել մեկ այլ զորամաս:

Զոհված զինծառայողի հայրը՝ Շոհրաթ Շահվեդդինովը, տեղեկացրել է լրագրողներին, որ իր որդու մոտ խնդիրներ էին ծագել զինվորական երդումից անմիջապես հետո: Որդու նամակներից դատելով՝ նրան սկսել են նեղություն պատճառել՝ իմանալով, որ վերջինս սոցիալապես անապահով ընտանիքից է: Սպաների կամայականությունների պատճառով՝ Իմրանը պարբերաբար խնդրում էր քայլեր ձեռնարկել իր ծառայության վայրը փոխելու ուղղությամբ:

Զոհվածի հայրը վկայում է, որ արդեն հանդիպել է Նախիջևանի զինդատախազ Յաշար Հասանովի հետ, պատմել է նրան որդու զորամասի շտաբի պետի հետ հանդիպման մասին, որը ոչ մի կերպ չի արձագանքել հայցին: Զինդատախազը խոստացել է հանգամանալից հետաքննություն անցկացնել: Շոհրաթ Շահվեդդինովը համոզված է՝ իր զավակին սկզբում սպանել են, ապա կախել են, որպեսզի որևէ մեկը չկասկածի, որ ինքնասպանություն է:

Միջադեպը մեկնաբանել է Ադրբեջանում իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի ազգային հանձնաժողովի ղեկավար Արզու Աբդուլաևան: «Ադրբեջանի բանակում տիրող իրավիճակը սարսափելի է: Մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանի ԶՈւ-ում մահացել են տասնյակ զինծառայողներ»,-շեշտել է Աբդուլաևան:
Նրա կարծիքով՝ Իմրանի զորամասի հրամանատարը պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության:

Ադրբեջանում հայտնի փաստաբան Էլմար Սուլեյմանովը ևս չի բացառում հրամանատարին պատասխանատվության ենթարկելու հավանականությունը, հատկապես որ վերջինս, ըստ փաստաբանի, պարտավոր էր մանրամասն քննել Իմրանի հոր բողոքները, պարզեր՝ արդյոք Իմրանի վրա ճնշում է գործադրվում: Այս ամենի արդյունքում կարելի էր դիմել արդեն փորձագետների օգնությանը:

Ռազմական գծով մասնագիտացած իրավաբան Թելման Աբիլովը նույնպես ճիշտ է համարում հրամանատարին Ադրբեջանի քրեական օրենսգրքի 125-րդ հոդվածով պատասխանատվության ենթարկելը, եթե իհարկե հետաքննության արդյունքում պարզվի՝ զոհվածի հայրն իրոք դիմել է հրամանատարին:
125-րդ հոդվածը ենթադրում է «ինքնասպանության դրդում»:

Հիշեցնենք, որ 2013-ի սկզբից մինչ օրս Ադրբեջանի ԶՈւ-ն, համաձայն «Դոկտրինա» ռազմական վերլուծական ՀԿ-ի հաշվարկների, գրանցել է նվազագույնը 67 կորուստ, որից 60-ը՝ ոչ մարտական պայմաններում: Ադրբեջանի բանակում տիրող իրավիճակը հանգեցրել է 2 բազմամարդ ցույցերի անցկացմանը. մեկը՝ հունվարի 12-ին, մյուսն էլ՝ մարտի 10-ին: Իսկ օգոստոսի 18-ին ընդդիմադիր «Ազգային խորհուրդ» դաշինքի կազմակերպած ցույցին փորձել են մասնակցել ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների մայրերը, որոնց ոստիկանությունը բռնի ուժով ավտոմեքենայով տարել է անհայտ ուղղությամբ, ապա բաց թողել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *