Համալսարանականները` դիրքապահ զինվորի կողքին

«Համալսարանականը դիրքապահ զինվորի կողքին» ծրագրի շրջանակներում առաջիկա մեկ ամսում 25-30 համալսարանականների առաջին խումբը կանցնի նախապատրաստական փուլ, որպեսզի մեկնի մարտական դիրքեր ու անցկացնի մեկ օր դիրքապահ զինվորների հետ։

Այս մասին Ռազմինֆոյի հետ զրույցում հայտնեց Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչ Վահագն Վարագյանը, ով միաժամանակ ծրագրի համակարգողն է։

Ծրագիրը կիրականացվի Պաշտպանության նախարարության հետ «Մեկ օր զինվորի հետ» ծրագրով։ Ներկայումս հստակեցվում են մասնակցության պայմանները ու ժամկետը։

Վահագն Վարագյանի խոսքով 25-30 մասնակիցները կբաժանվեն 5-6 հոգանոց խմբերի, խմբով կմեկնեն նախապատրաստված մարտական դիրքեր։ Դիրքերում ուսանողները կծանոթանան դիրքապահների ծառայությանը ու նույնիսկ կիրականացնեն մարտական հերթապահություն։ Բացի այդ մասնակիցները դիրքապահների հետ կատարելու են ինժեներական ու այլ աշխատանքներ, վարելու են հայրենասիրական զրույցներ։ Այցելությունը տևելու է առավոտից երեկո։

«Համալսարանականը դիրքապահ զինվորի կողքին» ծրագրին կկարողանան մասնակցել ինչպես տղաներ, այնպես էլ աղջիկներ։ Ենթադրվում է, որ առաջին 25-30 համալսարանականներից առնվազն 10-ը կլինեն աղջիկներ։

Հիշեցնենք, որ «Մեկ օր զինվորի հետ» ծրագրի մասին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը տեղեկացրել էր երեկ Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած հանդիպման ընթացքում։ Ծրագրով նախատեսված է տարբեր համալսարանների ուսանողներին ու ակտիվ հասարակական կազմակերպությունների անդամներին ծանոթացնել դիրքապահ զինվորների ծառայությանը։ Առաջինը ծրագրին կմասնակցեն Երևանի պետական համալսարանի ուսանողները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *