Դավիթ Ամալյան. «Բանակը հասարակության որդին է, որին սիրել է պետք, իսկ սիրված որդին՝ հաջողում է»

«Հունվարի 28-ը համազգային տոն է: Սակայն, չպետք է այն անվանել Հայոց բանակի կազամավորման օր: Քանի որ այն ՀՀ Զինված ուժերի կազմավորման օրն է, իսկ Հայոց բանակը շատ ավելի հին է»,— այսօր, ասուլիսում անդրադառնալով ԶՈՒ-ի հիմնադրմանը, ասաց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը: Բանախոսը մատնանշեց, որ ԶՈՒ-ը ստեղծվել են ժամանակի թելադրանքով և պատերազմական իրավիճակում, երբ արդեն իսկ կար պայքարող ազատամարտիկներից բաղկացած ուժ, որը համակարգել էր պետք: «Մեր Զինված ուժերն ամեն օր պետականության պահպանման խնդիր են լուծում»,- համոզմունք հայտնեց Արծրուն Հովհաննիսյանը:

Ասուլիսի հյուրն էր նաև ազատամարտիկ, երգիչ-երգահան Դավիթ Ամալյանը:

«Եթե մենք չունենայինք այնպիսի կարևոր կառույցներ, ինչպես օրինակ մշակույթի կամ բժշկական համակարգն է՝ մենք գուցե կարողանայինք օգտվել այլոց ծառայություններից: Սակայն, բանակի գոյության և կատարյալ լինելու համար բոլորս ենք պարտական աշխատել, քանի որ այն իսկապես մեր անվտանգության երաշխավորն է: Որպեսզի ունենաք հզոր բանակ՝ մենք պետք է նպաստենք նրա հզորանալուն, քանի որ այն մեր տան տղա երեխան է, որին սիրել է պետք, որպեսզի քեզ սիրով պատասխանի, բայց միաժամանակ պետք է խուսափենք երես տալուց»,- նշեց Դավիթ Ամալյանը:

Ազատամարտիկը համոզված է, որ սիրված երեխան, այս դեպքում՝ բանակը, դրական արդյունքներ է ունենում, իսկ երբ երեխային անընդհատ քարկոծում են և վարկաբեկում՝ նա կարող է շատ վատ պատասխան տալ ծնողներին:

«Այս դեպքում բանակին սիրողն ու քարկոծողը հասարակությունն է: Բոլորս էլ կողմ ենք առողջ քննադատությանը: Բայց միաժամանակ պետք է հիշել, որ երեխան հասարակությունից և ընտանիքից ստացած բարքերով է գալիս բանակ, որն այնտեղ իր դրսևորումներն է ունենում: Պետք է սիրել բանակը, որ նա նույն կերպ պատասխանի քեզ»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը:

Անդրադառնալով՝ հասարակության կողմից՝ բանակում գրանցված ոչ կանոնդարային հարաբերությունների շահարկմանը, Դավիթ Ամալյանն ասաց, որ խնդիրների լուսաբանումը չպետք է շահարկման առարկա դառնա, այլ պետք է միտված լինի խնդրի լուծմանը: Նա միաժամանակ համոզմունք հայտնեց, որ բանակում գրանցված ոչ բոլոր դեպքերն են լուսաբանման համար, քանի որ դրանց տեղեկանում է նաև թշնամին և հրճվանք ապրում: Նման պարագայում մենք գերնպատակ պետք է ունենաք լուծել խնդիրները, ոչ թե շահարկման առարկա դարձնել: Դավիթ Ամալյանը բանակում առկա խնդիրների լուծման ուղի է համարում մշակույթի ներթափանցումը բանակ:

Բանակային թեման շահարկումների առարկա դարձնելը Արծրուն Հովհաննիսյանը ևս անընդունելի համարեց՝ նշելով, որ մենք շատ ավելի լուրջ խնդիրների ենք հանդիպում մեր հասարակությունում, որոնցից ոչ բոլորն են խոսում կամ փորձում լուծման ուղիներ գտնել:

«Մեզանից շատերը գործ են ունեցել բժշկական, ոստիկանական, անձնագրային և մի շարք այլ բաժինների հետ: Հաստատ պատահել է, որ օրինակ բժիշկը ձեզ ընդունում է շատ կոպիտ, մռայլ դեմքով, բայց շատերը դա շահարկման առարկա չեն դարձնում, բայց երբ սպան, օրինակ, ռազմական ողջույն է տալիս խիստ դեմքով, այն կարող է շահարկման առարկա դառնալ: Բայց այդ՝ առաջին հայացքից առկա խստությունը, մեր ազգին բնորոշ երևույթ է»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը:

Բանախոսները չշրջանցեցին նաև ազգպառակտման հիմք հանդիսացող մի շարք արտահայտությունների վնասակարության թեման՝ կոչ անելով խուսափել հայաստանցի, ղարաբաղցի, գրավյալ տարածքներ, զորքերի շփման գիծ անհիմն արտահայտություններից: Նրանք նաև այն տեսակետին են, որ բանակի մասին հոգ տանել պետք է ամեն օր ու ամեն ժամ և չհիշել բանակն ու ԶՈՒ-ը սիրելու մասին միայն հունվարի 28-ից հունվարի 28-ը, քանի որ հասարակության կողմից սիրված և ընդունված բանակի հաջողությունները միշտ երաշխավորված են:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *