ՀՀ Զինված ուժերի հիմնադրման 20-ամյակի նախօրեին՝ այսօր, ասուլիսով հանդես են եկել Արցախյան ազատամարտի մասնակիցները: Նրանք պատմել են ոչ միայն այդ տարիներից, այլև անդրադարձել են ԶՈՒ-ում առկա խնդիրներին և ձեռքբերումներին: Միաժամանակ, ՀՀ նախագահը և Պաշտպանության նախարարը մեդալներ և շնորհակալագրեր են հանձնել ԶՈՒ-ի կայացման գործում ներդրում ունեցած անձանց:
- Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անձնվիրության համար ՀՀ զինված ուժերի մի խումբ զինծառայողներ և ազատամարտիկներ նախագահի կողմից պարգևատրվել են ՀՀ շքանշաններով և մեդալներով, մի շարք զինվորականների շնորհվել են կոչումներ:
- «ՀՀ զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական մեդալով են պարգևատրվել մի շարք պատգամավորներ և ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը: Իսկ վերջինիս կողմից՝ բանակում 3 զինծառայող որդի ունեցող մի քանի ընտանիքներ արժանացել են դրամական պարգևի և անակնկալ կերպով հանդիպել իրենց զավակներին:
- Ազատամարտիկները կիսվել են պատերազմի մասին հուշերով և առաջարկ հնչեցրել՝ այցելել զորմասեր և պատմել Արցախյան ազատամարտին իրենց մասնակցությունից:
- «Հայերն ապացուցեին, որ հզորությունն ու քանակը վճռորոշ գործոն չեն հակառակորդի նկատմամբ հաղթանակի հասնելու համար: Կարեւորը մոտիվացիան է եւ գիտակցումը, որ դու պաշտպանում ես քո հողը»,- ասել է Արցախյան ազատամարտի մասին վավերագրական ֆիլմերի հեղինակ Ցվետանա Պասկալեւան:
- «Եթե պատերազմի սկզբին ճիշտ կադրային քաղաքականությունը վարվեր, թե՛ բանակի, թե՛ երկրի վիճակը համոզված եմ, որ այլ կլիներ: Ես համաձայն չեմ, որ բանակը հասարակության հայելին է»,- ասել է արցախյան ազատամարտի մասնակից Ժիրայր Սեֆիլյանը: Նա նաև նշել է. «Միաժամանակ դեմ եմ բանակում հանցագործությունների կոծկումներին: Պետք է կարողանանք թացը չորից զանազանել: Կա բանակի հանդեպ քննադատության մի տեսակ, որը նպատակ է հետապնդում թուլացնել բանակը»:
- «Պաշտպանության բանակը երբեք կասկածի տեղիք չի տվել, որ իր մարտունակությամբ կարող է ապահովել Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը», ” համոզմունք է հայտնել ԼՂ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը:
- «Պետք է հաշվի առնել, որ բանակը մեր զավակն է, և չպետք է «վերքերի վրա աղ լցնել», այլ պետք է դրանք բուժել: Բանակում առկա խնդիրները բոլորիս խնդիրներն են և դրանք պետք է լուծվեն ազգովի»,- ասել է ռազմական փորձագետ Գագիկ Կարապետյանը:
- «Մենք բանակը մեր ընկերների, հայրերի արյան գնով ենք ձեռք բերել և մեկ-մեկ ցավալի է լսել, թե ինչպես են բանակում առկա խնդիրների մասին խոսում բանակից հեռու մարդիկ: Ցանկացած բանակում էլ խնդիրներ կան, բայց մենք ամեն ինչ անում ենք, այդ խնդիրները նվազագույնի հասցնելու համար»,- ասել է ԱԺ պատգամավոր Կարեն Սարիբեկյանը:
- «Քարինտակի հերոսամարտը ոգեշնչել է ողջ արցախահայությանը ու դարձել ելակետ: Ադրբեջանցիներին չհաջողվեց հաջողության հասնել Քարինտակում, որովհետև քարինտակցիները միասնական էին, լի ուժով, գյուղից ոչ մի մարդ դուրս չի ելել այդ օրերին»,-ասել է Արցախի ՊԲ փոխգնդապետ Շահեն Այդինյանը:
- «Բանակի խնդիրներից պետք է խոսել, բայց մի պայմանով՝ խոսել փաստերով, սրտացավությամբ, առանց չարախնդալու, թունավորելու, ատելություն սերմանելու բանակի հանդեպ: Չավարտված պատերազմի պայմաններում պարտավոր ենք ուժեղ, կազմակերպված, հնարավորինս անբասիր բանակ ունենալ»,- վերհիշելով արցախյան ազատամարտի տարիները և դրա լուսաբանումը մամուլում՝ ասել է «Երկիր» օրաթերթի գլխավոր խմբագիր Աղվան Վարդանյանը:
- «Հայ ժողովուրդը տարիներ շարունակ ստեղծել և կորցրել է իր արժեքների մի մասը, քանի որ բանակ չի ունեցել: Եթե բանակը կա, երկիրը պաշտպանված է, այն արժեքներ ստեղծելու երաշխիք է»,- ասել է Արցախյան ազատամարտի տարիներին «Երկիր» օրաթերթին թղթակցած Վարդան Դևրիկյանը:
- Նախագահական նստավայրի դիմաց ոչ մարտական պայմաններում մահացած զինվորների ծնողներն իրենց բողոքն են հայտնել՝ ասելով. «Այն զինվորականները, ովքեր հոշոտել են մեր երեխաներին, այսօր նախագահի կողքը կանգնած` լայն ժպիտներով, նկարվում են, էլ ի՞նչ ուզենք նրանցից»:
- 2011թ. ապրիլի 24–ին թուրքական բանակում սպանված հայազգի 25–ամյա Սևակ Շահին Բալըքչի գործով դատավարության ընթացքում նոր փաստեր են ի հայտ եկել։ Վկան ասել է որ տեսել է, թե Աղաօղլուն ինչպես է ինքնաձիգն ուղղում Սևակի կողմն ու կրակում:
- Պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանն անդրադարձել է հայ խաղաղապահների գործունեությանը և նշել, որ նրանց հաջողությունների մասին խոսում են նաև հրամանատարների կողմից շնորհված պարգևներն ու մեդալները:
- Սեյրան Օհանյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական եւ Եվրասիական հարցերով փոխտեղակալ Էրիկ Ռուբինին, ով նշել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է պաշտպանության ոլորտում աջակցել Հայաստանին:
- Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչներն այցելել են Արցախի ԶՈւ-ին գերի հանձնված ադրբեջանցի սերժանտ Մամեդբագրլու Թալըբ օղլի Ախունդզադեին:
- Օրն առանց շնորհավորանքների չի անցել: ՀՀ ԶՈՒ-ի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ «Ժառանգություն» կուսակցությունը դիմել է հայ ժողովրդին. ««Ժառանգություն» կուսակցությունը շնորհավորում է համայն հայությանը` Հայոց բանակի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ, եւ մաղթում հզորություն ու խաղաղություն»:
- Թբիլիսիի Ռուսթավի համար 6 խիստ ռեժիմի գաղութից որդուն ուղղած նամակում քաղբանտարկյալ Վահագն Չախալյանը գրել է. «Շնորհավորում եմ իմ որդի՝ Ռուբեն Չախալյանի հնգամյա ու Հայկական բանակի 20-ամյա հոբելյանները: Հավատացած եմ, որ նորօրյա պատմության Հունվարի 28-ը մեր պետության, Հայկական լեռնաշխարհի, աշխարհասփյուռ հայության ապագա հազարաբյուր տարիների ստեղծարար ու խաղաղ գոյապահպանման գրավականն է»:
Միջազգային լուրերը հայկական մամուլում
- ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյան Al-Sharq թերթի թղթակցին պատմել է, որ Թուրքիան կսկսի նյութապես օգնել ահաբեկիչներին: Մոտակա շաբաթների ընթացքում Գազայում այդ նպատակով Թուրքիայի պաշտոնական ներկայացուցչություն կբացվի:
- «Մենք լի ենք վճռականությամբ կանխելու ատոմային զենքի ստացումը, բայց պարտադիր չէ ռումբեր նետել»,- անդրադառանոլվ Իրանի կողմից միջուկային զենք ստեղծելու արևմուտքի զգուշությանը՝ ասել է ԱՄՆ ԶՈՒ-ի շտաբերի պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Մարտին Դեմփսին:
- «Իսրայելը դեռ չի պատրաստվում ռազմական հարված հասցնել Իրանին, քանի որ դեռ չեն կիրառվել բոլոր խաղաղ միջոցները` միջուկային խնդիրի լուծման համար»,- ասել է Իսրայելի ԱԳՆ ներկայացուցիչ Աննա Ազարին:
- Թուրքիայի խորհրդարանը երկարաձգել է Ադենի ծոցում ռազմածովային ստորաբաժանումների ներկայությունը:
- ԱՄՆ-ը հատուկ օպերացիա անցկացնելու համար նոր բազա է ստեղծում Թուրքիայում: Պենտագոնը մտադիր է նմանատիպ բազաներ ստեղծել Հորդանանում, Լատինական Ամերիկայում և Աֆրիկայում։
- «Ինջիրլիքում գտնվող ամերիկյան 4 Predator-ներն անվճար ծառայում են մեզ». անդրադառնալով ընդդիմության մեղադրանքներին՝ ասել են Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն և պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը:
- «Սիրիայի ազատ բանակը», որը զինված պայքար է մղում նախագահ Բաշար Ալ-Ասադի վարչակարգի դեմ, հայտարարել է Սիրիայի տարածքում հինգ իրանցի դիպուկահարի գերի վերցնելու մասին, որոնք Իսլամական հեղափոխության պահակազորի անդամ են: