Մոսկվայում զինծառայութունից խուսափող 30 հազար մարդ է հայտնաբերվել

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Մոսկվայում գարնանային զորակոչի տվյալների համաձայն՝ հայտնաբերել են, որ ավելի քան 30 հազար ծառայությունից խուսափող կա։

Մոսկվայի զինկոմիսարի պարտականությունները կատարող Ալեքսեյ Աստախովը հայտարարել է, որ ՌԴ քաղաքացիների «զգալի մասը շարունակում է կեղծել իր բնակության կամ գրանցման հասցեն, դա էլ հանգեցնում է զորակոչի ծանուցագրի՝ սխալ հասցեով ուղարկմանը»։

Աստախովի խոսքերով՝ հետագայում շատ ավելի բարդ է լինում «որսալ» նման անձանց. վերջինս կամ մեկնում է այլ շրջան զորակոչի օրերին կամ էլ թաքնվում է իրավապահ մարմիններից։

Աստախովն այնուհանդերձ նշել է, որ անցյալ տարվա համեմատ՝ ծառայություններից խուսափողների թիվը նվազել է, միևնույն ժամանակ աճել է զորակոչվածների թիվը՝ դառնալով բժշկական զննում անցած քաղաքացիների թվի 69,7 %-ի չափով։

Գարնանային զորակոչի տվյալներով՝ 40 հազար զորակոչիկ զննում է անցել, որոնցից 2,5 հազարն ուղարկվել են լրացուցիչ զննման։ Քաղաքային հավաքման կայանում բուժզննում են անցել 5,6 հազար հոգի, որից ընդամենը 19-ն են հետ ուղարկվել հավաքագրման կայանից։

Մոսկվայի քաղաքապետի՝սոցիալական զարգացման գծով տեղակալ Լեոնիդ Պեչատկինի խոսքերով՝ ծառայությունից խուսափողների մեծ թվով աչքի է ընկնում հատկապես մայրաքաղաքի Հյուսիսային շրջանը։ Նա խնդրել է ՆԳՆ մարմիններին ուշադրություն դարձնել զորակոչի կանոնների պահպանմանը Վոյկովսկի, Գոլովինսկի ու Խովրինո շրջաններում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *