ՌԴ սահմանապահները հրետակոծել են «Գրին Փիսի» նավը

Սեպտեմբերի 16-ին ՌԴ սահմանապահները հարկադրված են եղել մի քանի անգամ նախազգուշացնող կրակ բացել Պեչորի ծովի ուղղությամբ, երբ նախնական տեղեկությամբ անհայտ անձինք փորձել են ներխուժել նավթարդյունաբերող «Պրիրազլոմնայա» հարթակ։

Ավելի վաղ էկոլոգիական կազմակերպություններից մեկը հայտնել էր, որ «Գրին Փիս» բնապահպանական կազմակերպության ակտիվիստները բողոքի ցույց են կազմակերպել Պեչորի ծովում։ Արդյունքում նրանցից 2-ին ձերբակալել են, իսկ մյուս 2-ին հաջողվել է բարձրանալ հարթակի վրա։

ՌԴ ԱԴԾ մամուլի հաղորդագրության համաձայն՝ ՌԴ նավթագազային համալիրի անվտանգության իրական սպառնալիքի պայմաններում սահմանապահների օրինական պահանջին չենթարկվելու հետևանքով՝ ԱԿ-74-ից նախազգուշացնող կրակ է բացվել։ «Արքտիկ Սանռայզ» նավի անձնակազմը հրաժարվել է կատարել սահմանապահների պահանջը, ուստի նավը կանգնեցվել է: Մինչև նավի կանգնեցումը, սահմանապահների կողմից ընդհանուր առմամբ արձակվել է 4 կրակոց սահմանային ռազմանավի հրետանային համակարգից։

Ձերբակալված ակտիվիստներին տեղափոխել են «Լադոգա» նավ։

Հիշեցնենք, որ «Գրին Փիսն» առաջին անգամը չէ, որ նման ցույց է կազմակերպում։ 2012-ի օգոստոսին ակտիվիստները կրկին բարձրացել էին «Պրիրազլոմնայա» հարթակ, իսկ նույն թվականի փետրվարին գրավել էին բրիտանական նավթարդյունաբերող ընկերության հարթակը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *