Աշնանային զորակոչը փորձելու ենք վիճակահանությամբ իրականացնել. Սեյրան Օհանյան

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Երևանի պետական համալսարանի Գիտխորհրդի դահլիճում պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ հանդիպման էր եկել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Հանդիպումը նվիրված էր անկախության 22 ամյակին, որի ընթացքում Սեյրան Օհանյանը խոսեց զինված ուժերի դերի և այսքան տարիների գործունեության մասին։

Սեյրան Օհանյանը ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ

Սեյրան Օհանյանը ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ

Սեյրան Օհանյանը ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ
Նախարարը ելույթից հետո հնարավորություն տվեց ներկաներին իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալ։

Նշենք, որ շուտով կմեկնարկի նաև աշնանային զորակոչը։ Ռազմինֆոն հետաքրքրվեց, թե ինչպես է այն ընթանալու, քանի որ արդեն կա զորակոչը վիճակահանությամբ իրականացնելու նախադեպը։

«Ես ասել եմ, որ փորձելու ենք աշնանը զորակոչն իրականացնել վիճակահանությամբ։ Մենք գարնանային զորակոչի ժամանակ ռազմական ինստիտուտի շրջանավատներին բաշխեցինք զինված ուժերի զորամասերում հենց վիճակահանությամբ։ Բոլորը լավ հասկանում են, դեռ ավելին, շատ-շատերը ինքնուրույն են խնդրում ծառայել այս կամ այն առաջնային գծերում, լարված տեղերում՝ հասկանալով, որ երիտասարդ տարիքում ավելի հեշտ է հաղթահարել սպայի կերպարի ձևավորման դժվարությունները, ինչն ավելի դժվար կլիներ ընտանիք կազմելուց հետո»։

Նախարարն անդրադարձավ վիճակահանությամբ զորակոչելու թերություններին և առավելություններին։

«Դրական կողմն այն է, որ հավասարություն, արդարություն կլինի։ Մենք դա ենք հիմք ընդունել։ Բացասականն այն է, որ մենք դեռևս վերջնական լուծում չենք տվել հարցին։ Շատ դժվար է լինելու, քանի որ կան մարդիկ, ովքեր համապատասխան կրթություն ունեն։ Այսինքն՝ կախված է լինելու տարածքների, ծառայության հեռավորության հետ, ինչը նաև դժվարություններ է առաջացնելու այն զինծառայողների համար, ովքեր սոցիալական արտոնություններ ունեն։ Այս հարցում ենք մենք թերանում։ Եթե նույնիսկ վիճակահանություն չլինի, ապա մենք հանձնաժողով կկազմենք, ըստ որի, այդ ամեն ինչը հաշվի առնելով՝ բաշխումը զինված ուժերի զորամասեր կիրականացնի նախատեսված կարգով».- մեկնաբանեց Սեյրան Օհանյանը։

Սեյրան Օհանյանն ու ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը

Սեյրան Օհանյանն ու ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը

Հանդիպման ընթացքում քննարկվեց նաև կանանց զինծառայության հարցը։ Նախարարի խոսքով՝ այս տարի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ են ընդունվել իգական սեռի 3 ներկայացուցիչ։

Ռազմինֆոյի այն հարցին, թե ինչպես է նախարարը վերաբերում կանանց զինծառայությանը, Սեյրան Օհանյանը նշեց. «Ես նորմալ եմ վերաբերում, որ աղջիկները պետք է ծառայեն բանակում։ Մենք զինված ուժերում բազմաթիվ պաշտոներ ունենք, որոնք համալրված են կանանցով, հատկապես առողջապահական, ավտոմատ կառավարման համակարգերի ոլորտներում։

Ունենք աղջիկներ, որոնք ծառայում են մարտական, հատուկ նշանակության ստորաբաժանումներում։ Այս տարվանից ունենք աղջիկներ, ովքեր ընդունվել են ռազմական բուհ։ Նրանց համար մենք ստեղծել ենք պայմաններ և խիստ հետևողական ենք լինելու, որ համապատասխան հարգանք լինի նրանց նկատմամբ։ Կարծում եմ, որ մեր հայ իրականության մեջ իրենք իրենց ներուժը կարող են տղամարդկանց հետ հավասար օգտագործել երկրի պաշտպանության գործում»։

Սեյրան Օհանյանի խոսքերոով՝ աղջիկներին պարտադիր զինծառայության տանելու հարցը երբեք չի քննարկվել, և հիմա էլ դրա կարիքը չկա։ «Աղջիկներն ավելի մեծ խնդիր ունեն։ Ժողովրդագրական այս վիճակում նրանք շատ երեխաներ, տղաներ, զինվորներ պետք է ծնեն, ինչու չէ, նաև աղջիկներ, ովքեր համալրելու են մեր զինված ուժերը։ Իսկ մենք՝ տղամարդիկ, պետք է այդ ուղղությամբ մեր հոգատարությունն ու վերաբերմունքը ցույց տանք»,- մեկնաբանեց Օհանյանը։

Հանդիպման ավարտին նախարարը հուշամեդալներով պարգևատրեց ԵՊՀ դասախոսներին, ինչպես նաև 10 օր արձակուրդ տվեց ԵՊՀ շրջանավարտ զինծառայողների։

10 օր արձակուրդ ստացած զինվորները

10 օր արձակուրդ ստացած զինվորները

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *