Արդեն մեկ ամսից ավել է, ինչ հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով ադրբեջանական տարածքում է։ Այս ընթացքում դեռևս որևէ հստակ փոփոխոություն չի նկատվել՝ չնայած Բաքվի ԿԽՄԿ գրասենյակը արդեն մի քանի անգամ հանդիպել է հայ ռազմագերու հետ։
Բացի այդ, ադրբեջանական կողմը Հակոբի գերի ընկնելու փաստը շրջանառեց տեղական հեռուստատեսությամբ՝ խախտելով Ռազմագերիների հետ վարվելակերպի ժնևյան կոնվենցիան։
Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ԵՊՀ-ում հանդիպման ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Ռազմինֆոյի խնդրանքով անդրադարձավ Հակոբ Ինջիղուլյանի հարցին։
Ըստ նախարարի՝ Հակոբ Ինջիղուլյանը գիշերային պայմաններում մոլորվել և հայտնվել է Ադրբեջանի տարածքում: Պաշտպանության նախարարությունը համապատասխան միջոցներ է ձեռնարկել նրան հետ վերադարձնելու ուղղությամբ, սակայն դրա հիմնական խոչընդոտը Ադրբեջանի ղեկավարության հետ պետական կապի բացակայությունն է։
«Մենք կարող ենք դա իրականացնել միջնորդավորված միջազգային կազմակերպությունների օգնությամբ, սակայն մի քիչ դանդաղ ընթացք է եղել Ադրբեջանում տեղակայված ԿԽՄԿ անդամները հնարավորություն չեն ունեցել անմիջապես Հակոբի հետ հանդիպել։ Դրանից հետո կապի բոլոր միջոցներն իրականացվել է։ Մենք պայքարում ենք, որ նա հետ վերադառնա Հայաստան։ Հակոբի նկատմամբ երբևիցե իրավական հետապնդում չի իրականացվի, և երբեք ոչ ոքի նկատմամբ չի էլ իրականացվել»։
Նշենք, որ Ադրբեջանի ղեկավարությունը բազմիցս շեշտել է, թե Հակոբն ուզում է հանձնվել երրորդ երկրի։
«Ես չէի ցանկանա, որպեսզի որևէ մեկը լիներ Հակոբի տեղը և գերեվարման մեջ ընկներ: Մինչև հիմա էլ չգիտենք, թե ինչպիսի ճնշումների տակ է նա: Բայց մոտավորապես պատկերացնում ենք, թե ինչ ճնշումներ կարող են գործադրվել նրա նկատմամբ: Այդ ճնշումների տակ ադրբեջական հեռուստատեսությամբ ներկայացված արտահայտությունները, քննադատությունները մեր զինված ուժերի նկատմամբ պետք է ընդունել որպես նորմալ երևույթ: Քանի որ նրա ծնողների էլ ասում են, որ ինքը ոչ մի բողոք չի ունեցել բանակի վերաբերյալ»,- նշեց Սեյրան Օհանյանը: